Արցախի ղեկավարների շինծու գործերով հաջորդ նիստը՝ ապրիլի 24–ին

Արցախի ղեկավարների շինծու գործերով հաջորդ նիստը՝ ապրիլի 24–ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 21–ին Բաքվի զինդատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատական ֆարսը։ Հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 24–ին։

Ապրիլի 21–ի նիստում հայ բանտարկյալներին հարցեր են ուղղել 1992 թվականի փետրվարին Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, հայտնում է Minval.az-ը։

1992-ի փետրվարի 25-26-ին հայկական ուժերը ռազմական գործողություն են իրականացրել Ստեփանակերտի օդանավակայանը ապաշրջափակելու և Խոջալուում հակառակորդի կրակակետերը վնասազերծելու նպատակով՝ հումանիտար միջանցք բացելով տեղի բնակիչների համար, որպեսզի նրանք կարողանան հեռանալ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, Արկադի Ղուկասյանը և մյուսները, պատասխանելով Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Նասիր Բայրամովի հարցերին, հայտարարել են, որ չեն մասնակցել և տեղյակ չեն եղել Խոջալուի դեպքերի մանրամասներին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Խոջալուի դեպքերը բնութագրել է որպես Առաջին Ղարաբաղյան պատերազմի ամենամեծ ողբերգությունը, գրում է APA-ն։

Արկադի Ղուկասյանն ասել է, որ Խոջալուի դեպքերի ժամանակ Արցախի ղեկավարն էր Արթուր Մկրտչյանը, ռազմական գործողությունների հրամանատարն՝ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ «Կոմանդոսը», իսկ «ինքնապաշտպանական ուժերի ձևավորմամբ զբաղվել է Սերժ Սարգսյանը»։

Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակչության կոտորածի մեջ, սակայն անգամ ԱՀ նախագահ Ա. Մութալիբովը 1992-ի մարտին խոստովանել է, թե «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», իսկ «Աղդամի մոտ այդ ժամանակ բավարար ուժեր կային մարդկանց օգնության հասնելու համար»։ Խոջալուի այն բնակիչները, ովքեր այս կամ այն պատճառով չէին հեռացել գյուղից, իրենց ցանկությամբ, առանց որևէ նախապայմանի հանձնվել են հայկական կողմին։

ԼՂՀ «Արցախ» փրկարարական ծառայությունը Խոջալուում և շրջակայքում հայտնաբերել է ադրբեջանցի 11 խաղաղ բնակիչների դիակներ։ Խոջալուի հարյուրավոր խաղաղ բնակիչներ զոհվել էին գյուղից 10-11 կմ հեռու՝ Աղդամի մատույցներում, որտեղ տեղակայված էր Ադրբեջանի ԶՈւ տարածքային հենակետային ստորաբաժանումը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---