Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի պապի վախճանի կապակցությամբ

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի պապի վախճանի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր խորին ցավակցությունն է հայտնել Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ՝ ցավակցագիր հղելով Վատիկան։

«Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս պապը խոնարհ, քաջ ու բարի հովիվ էր, որ հավատարմորեն քայլում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետքերով։ Նա ստանձնեց պապական բարձր ու պատասխանատու առաքելությունը դժվարին ժամանակներում և վկայեց Ավետարանը՝ մշտապես պաշտպան լինելով արդարության ու խաղաղության, առանձնակի ուշադրություն ու խնամք բերելով կարիքավորներին, ինչպես նաև՝ իր կարևոր ներդրումը բերելով միջեկեղեցական հարաբերությունների զորացմանը։

․․․Առանձնակի մխիթարությամբ ենք անդրադառնում, որ Սրբազան պապը մշտապես իր աղոթքն էր հնչեցնում պատերազմներով և անարդարությամբ վիրավորված աշխարհի, ի մասնավորի արցախյան պատերազմի ծանր հետևանքները կրող մեր ժողովրդի համար», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում։

Կթողիկոսը նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշելու Ֆրանցիսկոս պապի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Սուրբ պատարագը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչպես նաև Սուրբ Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու վարդապետ, և իր այցը Հայաստան։

Գարեգին Բ–ն իր աղոթքն է հղել առ Աստված՝ հանգուցյալ Սրբազան Պապի հոգու հանգստության ու խաղաղության, ինչպես նաև Կաթոլիկ եկեղեցու հոգևորականության և հավատացյալ համայնքի մխիթարության համար։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին, տեղական ժամանակով 10:00-ին։ Ապրիլի 23–ին Պապի մարմինը վերջին հրաժեշտի համար կտեղադրվի Սբ Պետրոսի տարաճարում։

Արարողությունը կանցկացնի Կարդինալների քոլեջի դեկան, կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---