Վարդանյան․ ՔՊ-ն մոլորեցնում է՝ ասելով, թե Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք արդեն կա

Վարդանյան․ ՔՊ-ն մոլորեցնում է՝ ասելով, թե Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք արդեն կա

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մոլորեցնում է հանրությանը՝ ներկայացնելով, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք արդեն կա։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հիմա էլ ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը՝ պնդելով, թե իբր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք արդեն իսկ գոյություն ունի և մեր առաջարկած օրինագիծը «անիմաստ» է։ Սա փաստերի խեղաթյուրում է։

Այո, ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն առկա է, սակայն այն պատժելի է դարձնում միայն այն դեպքերը, երբ ցեղասպանության ժխտումը կատարվում է ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով։

Այսինքն, եթե որևէ մեկը պարզապես հերքում է Հայոց ցեղասպանությունը կամ կասկածի տակ է դնում դրա իրողությունը՝ առանց վերոնշյալ «հրահրման» նպատակի, պատժի չի ենթարկվում։

Ավելի պարզ՝ օրինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում, այն փոփոխության նախագծով, որն առաջարկել է «Հայաստան» խմբակցությունը նման հայտարարությունների համար նախատեսված է քրեական հետապնդում։

Սա է մեր առաջարկած փոփոխության արմատական տարբերությունը. մենք պահանջում ենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումն ու նսեմացումն ինքնին համարվի քրեական արարք, անկախ նրանից՝ դրան կից հնչում է ատելություն, թե ոչ»,–գրել է նա։

«Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրինագիծ, որի նպատակն է քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության ուրացման համար։ Այս կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում, որ Քրեական օրենսգրքում արդեն իսկ առկա է համապատասխան դրույթ։

 Ուշագրավ
---