Մինասյան․ Էթիկայի հանձնաժողովում ընդդիմությունն ու իշխանությունը հավասար ներկայացված կլինեն

Մինասյան․ Էթիկայի հանձնաժողովում ընդդիմությունն ու իշխանությունը հավասար ներկայացված կլինեն

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասել է, որ Ազգային ժողովում էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու գաղափարը բխել է իրենց նախաձեռնությունից, սակայն այն էական տարբերություններ է ունենալու գործող մյուս մշտական հանձնաժողովներից, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է ունենան հավասար ներկայացվածություն. ՔՊ-ն մեծամասնություն չի ունենա:

Ապրիլի 22–ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը և որոշել են ձևավորել ԱԺ-ում էթիկայի մշտական հանձնաժողով։

Արծվիկ Մինասյանը նշել է, որ թեև նոր հանձնաժողովը կգործի մշտական հիմքով, այն բնույթով ավելի մոտ կլինի ժամանակավոր մարմիններին։ Նրա խոսքով, քննարկումներն այժմ ընթանում են ՔՊ-ի հետ, և ապրիլի վերջին սպասվում է հերթական հանդիպումը, որին կմիանան նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ու ոլորտային փորձագետներ։ Նախատեսվում է, որ համաձայնեցված տարբերակը Ազգային ժողովին կներկայացվի մայիսին։

Մինասյանը բացատրել է, որ համաձայնություն են ձեռք բերել հանձնաժողովի կառուցվածքի հարցում՝ այն չի ունենալու խորհրդարանական մեծամասնության գերակշռություն։ Ընդդիմությունը և իշխանական խմբակցությունները կունենան հավասար թվով ներկայացուցիչներ։ Նա հավելել է, որ հանձնաժողովի նախագահությունը պարբերաբար փոխվելու է․ երբ հարցը վերաբերում է ընդդիմադիր պատգամավորի, նախագահը կլինի իշխանական ներկայացուցիչը, իսկ եթե իշխանական պատգամավորի, ապա նախագահողը կլինի ընդդիմադիր։ Եթե քվեարկության արդյունքը լինի հավասար, որոշիչ է դառնալու նախագահողի ձայնը։

Նա նշել է նաև, որ հստակեցվելու է հանձնաժողովի վարչական կանոնակարգը՝ նախատեսելով կոնկրետ պատժամիջոցներ և սանկցիաներ։

Մինասյանը հավելել է, որ ապրիլի 25-ին ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությամբ կքննարկվի Անդրանիկ Քոչարյանի վարքագծի հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորելու առաջարկը։ Նա ընդգծել է, որ նույնիսկ եթե ՔՊ-ն համաձայնի այդ հանձնաժողովի ստեղծմանը, դրա արդյունքը կլինի պարզապես եզրակացություն, ոչ պատիժ։ Մինչդեռ նոր մշտական հանձնաժողովը կունենա պատժամիջոցներ սահմանելու լիազորություն։

Նրա խոսքով, ՔՊ-ն համաձայնել է այս կառուցվածքով հանձնաժողով ձևավորելու առաջարկին՝ ըստ մինչ այժմ կայացած երկու աշխատանքային քննարկումների արդյունքների։ Նա հավելել է, որ միջազգային կառույցներն էլ աջակցում են նման մոտեցմանը։ Վերջնական որոշումը սպասվում է մայիսի 20-ին։

 Ուշագրավ
---