Պեկինը նախատեսում է ներառել Հայաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում

Պեկինը նախատեսում է ներառել Հայաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում

PanARMENIAN.Net - Չինաստանը պատրաստվում է Հայաստանին ներառել իր տրանսպորտային ցանցում՝ կատարելով ևս մեկ ուշագրավ քայլ իր պատմական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենն առաջին անգամ Երևանի ընդգրկման հնարավորության մասին խոսել է Թուրքիայի «Turkiye gazetesi» պարբերականին տված հարցազրույցում։

Մին Չենն ընդգծել է, որ Պեկինը նախատեսում է Հայաստանին, որին նա բնութագրել է որպես «աշխարհի խաչմերուկ», ակտիվորեն ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մեջ, գրում է Factor.am-ը։

Նա հայտնել է, որ շուտով կողմերը կստորագրեն համաձայնագիր տրանսպորտի ոլորտում, որը, ըստ նրա, կարող է փոխել Հարավային Կովկասի տնտեսական իրականությունը։

Հավատարմատարը խոսել է նաև Չինաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ նշելով Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունը, տնտեսական ներուժը և դերակատարումը Միջին միջանցքում՝ դրանք որակելով որպես «անփոխարինելի»։ Նա ասել է, որ Թուրքիան և Չինաստանը «հին Մետաքսի ճանապարհի ժառանգությամբ ձևավորված իրենց բարեկամությունը վերածել են ռազմավարական գործընկերության»։

Դիվանագետն առանձնացրել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ընթացող ակտիվ երկխոսությունը։

Նա հավելել է, որ Թուրքիայի աշխարհագրական դիրքը, որը կապում է Եվրոպան, Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան, դարձել է չինական ընկերությունների համար եզակի հանգույց բաշխման և արտադրության տեսանկյունից։

Չինաստանը ռազմավարական համագործակցության մասին հայտարարություն է ստորագրել Ադրբեջանի հետ։

 Ուշագրավ
---