Մուստաֆա Այդըն․ Բաքվի հետ սերտ կապերն Անկարային թույլ չեն տալիս առաջ շարժվել ՀՀ հետ կարգավորման գործում

Մուստաֆա Այդըն․ Բաքվի հետ սերտ կապերն Անկարային թույլ չեն տալիս առաջ շարժվել ՀՀ հետ կարգավորման գործում

PanARMENIAN.Net - Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի նախկին ռեկտոր, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործում քաղաքական արգելքից բացի այլ խոչընդոտներ չեն նկատվում։ Այդ արգելքը, ըստ նրա, կապված է Ադրբեջանի ներկայիս քաղաքական դիրքի հետ։

Նա ընդգծել է, որ Անկարայի ու Բաքվի հարաբերությունները թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավական սերտ են, ինչն Անկարային թույլ չի տալիս առաջ շարժվել առանց Ադրբեջանի համաձայնության, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ Թուրքիան հետաքրքրված է կարգավորմամբ, քանի որ այն համապատասխանում է թե՛ Կովկասում իր ռազմավարական նպատակներին, թե՛ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացման նկրտումներին։

Պրոֆեսորը նշել է, որ չնայած ներկայում շարունակվող բանակցություններին ու դիվանագիտական շփումներին, Անկարան դեռևս որպես նախապայման դիտարկում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

«Որքան հասկանում եմ, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​շրջանակների միջև բանակցություններ են ընթանում և քայլեր են նախապատրաստվում կարգավորման ուղղությամբ։ Այնուամենայնիվ, կա մի պայման, որը դեռ մնում է․ դա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն է, որը պետք է կնքվի, որպեսզի Թուրքիան շարժվի դեպի հարաբերությունների կարգավորում։ Դա արդեն որոշ ժամանակ է, ինչ Թուրքիայի նախագահ Էրդողանի պայմանն է, և որքան գիտեմ, այն դեռ չի փոխվել»,- նկատել է թուրք միջազգայնագետը։

Այդընը հավելել է, որ հայ-թուրքական հարաբերություններում որոշակի դրական շարժ արդեն նկատվում է։

«Ստամբուլից Երևան տեղի են ունենում ամենօրյա չվերթներ, Հայաստանն ու Թուրքիան, իհարկե, երրորդ կողմերի՝ հատկապես Վրաստանի տարածքով, առևտուր են անում, հայերն ու թուրքերը կարողանում են ճանապարհորդել միմյանց երկրներ և այլն: Այնպես որ, այդ առումով հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են ու նորմալ են»,- մատնանշել է զրուցակիցը։

Վերլուծելով ընթացիկ բանակցային գործընթացը՝ Մուստաֆա Այդընը նշել է, որ Թուրքիայում նկատվում է Հայաստանի ներկայիս ղեկավարության նախաձեռնողականությունը, ինչը նպաստել է նաև բանակցային միջավայրի փոփոխությանը։

«Ես կարծում եմ, որ Թուրքիայի ղեկավարությունը հայկական կողմից արվող քայլերը նկատել է, և Անկարան ընդունում է, որ դա բավականին կարևոր է: Դրա շնորհիվ էլ երկու երկրների միջև այս դիվանագիտական ​​բանակցությունները շարունակվում են: Միակ խոչընդոտն ու արգելքը քաղաքական է, քանի որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավական սերտ են, ինչը Թուրքիային թույլ չի տալիս առաջ գնալ առանց Ադրբեջանի համաձայնության:

Օրինակ, վերջին անգամ, երբ Թուրքիան և Հայաստանը ստորագրեցին կապերի մերձեցման և հարաբերությունների կարգավորման արձանագրություններն, այն ժամանակ Ադրբեջանի կողմից մեծ արձագանք եղավ․ ադրբեջանցիները դժգոհում էին, որ Թուրքիան իրենց հետ չի խոսում, չի բացատրում և այլն: Եվ նման արձագանքը հասարակական կարծիք է ստեղծել Թուրքիայում՝ շատ ուշադիր հետևելու համար ադրբեջանական դիրքորոշմանը: Այսպիսով, Թուրքիայի ցանկացած կառավարություն ճնշման կենթարկվի երկրի հասարակության կողմից, որպեսզի Անկարան Բաքվին միայնակ չթողնի»,- նկատել է թուրք պրոֆեսորը։

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն սերտ տնտեսական կապեր ունեն, այլև զարգացած ռազմական համագործակցություն, ինչը անհնար է դարձնում երկու ուղղությունների՝ հայ-ադրբեջանական և թուրք-հայկական հարաբերությունների տարանջատումը։ Այդ լինելությամբ հանդերձ՝ Մուստաֆա Այդընը շեշտել է, որ Անկարան իր շահերից ելնելով ցանկանում է առաջ տանել հարաբերությունների կարգավորումը։

«Կարծում եմ՝ Թուրքիան նախընտրում է առաջ շարժվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ այն օգնում է Կովկասում Թուրքիայի ռազմավարական շահերին: Դա միանշանակ նաև կօգնի Հայաստանի ներկայիս իշխանության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի մտադրությանը: Կարծում եմ, որ այս ամենը ձեռնտու է նաև Թուրքիային: Բայց կրկնում եմ, որ այստեղ կա հսկայական հասարակական կապ, և գրեթե անհնար է անտեսել ադրբեջանական դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման հարցում»,- նշել է միջազգային հարաբերությունների պրոֆեսորը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր կլիներ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ, եթե չլիներ Ադրբեջանի դիրքորոշումը, թուրք մասնագետը չի բացառել նման սցենարի իրագործումը։ Սակայն նա ընդգծել է մեկ այլ կարևոր հանգամանք։

«Կարծում եմ՝ կարող էր այդպես լինել։ Իհարկե, եթե սկսեք խոսել նորմալացման մասին, ապա բանավեճի մեջ են մտնում նաև ամենատարբեր դերակատարներ, և նրանք բոլորն ունեն տարբեր տեսակետներ և կարծիքներ, բայց այս պահին ես հարաբերությունների կարգավորման համար մեծ խոչընդոտ չեմ տեսնում»,- ասել է նա՝ հավելելով, որ միակ բանը, որ կարող է պատկերացնել, Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ադրբեջանի պահանջն է։

Պրոֆեսորն ընդգծել է նաև, որ պատմության ընթացքում հենց Թուրքիան է երբեմն նման հարցեր բարձրացրել։

«Թեև Թուրքիան հիմա դա չի անում, սակայն այդ իրավիճակը կարող է ստեղծվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում․ 1990-ականներին, երբ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ խոսվում էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության հետ, այն ժամանակ ևս կային նման խոսակցություններ, որովհետև Հայաստանի Անկախության հռչակագիրը վերաբերում է նաև այն տարածքներին, որոնք այժմ Թուրքիայի մաս են կազմում: Բայց Թուրքիան հիմա դա չի անում: Այնպես որ, ես ենթադրում եմ, որ եթե ոչ մի ադրբեջանցի այդ հարցը չբարձրացներ, ապա դա կարող էր անել Թուրքիան: Կարծում եմ, որ Թուրքիան մի տեսակ սպասողական վիճակում է՝ տեսնելու, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- եզրափակել է Մուստաֆա Այդընը։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի ղեկավար Հաքան Ֆիդանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Արևելյան, Հարավարևելյան և Սև ծովի շրջանները ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ, հանդիպմանն անդրադարձել է Կովկասում և Արևելյան Եվրոպայում ընթացող դիվանագիտական գործընթացներին։

«Մենք սպասում ենք առկա խնդիրների լուծմանը, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տրանսպորտային ու առևտրային միջանցքների բացմանը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---