Ալեքսանյան․ Ապրիլի 24–ին բոլորի հետ սգալու ենք և այցելելու ենք Ծիծեռնակաբերդ

Ալեքսանյան․ Ապրիլի 24–ին բոլորի հետ սգալու ենք և այցելելու ենք Ծիծեռնակաբերդ

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ իր ներկայացրած քաղաքական ուժը երբևէ չի ուրացել ու չի պատրաստվում ուրանալ ցեղասպանությունը։

Նա հավելել է, որ ապրիլի 24–ին բոլորի հետ սգալու են և այցելելու ենք Ծիծեռնակաբերդ, հայտնում է Aysor.am-ը։

«Էլի Դաշնակցությունը եկավ իշխանության ու էլի հերթական անգամ տեղի ունեցավ էթնիկ զտում հայերի նկատմամբ։ Նման բաներ ՀՀ-ում չպետք է լինեն։ Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանության հիշատակին՝ դա մեր բոլորիս սրտերում է ու ի տարբերություն, օրինակ՝ Սերժ Սարգսյանի կառավարման, որը այդ ժամանակվա ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին խնդրել էր շատ չթեժացնել Հայոց ցեղասպանության հարցը, որի մասին հայ համայնքին պատմել էր Բայդենը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը ըստ Վիքիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերի, հայտարարել էր, որ ինքը պատրաստ է ԱՄՆ սենատորներին խնդրել, որպեսզի նրանք չճանաչեն Հայոց ցեղասպանությունը, մենք երբևիցե չենք ուրացել ու չենք պատրաստվում ուրանալ ցեղասպանությունը, չենք փորձում դա դարձնել վաճառելիք միջազգային ասպարեզներում։ Մենք վաղը բոլորի հետ սգալու ենք և այցելելու ենք Ծիծեռնակաբերդ՝ ինչպես ամեն տարի»,-ասել է պատգամավորը։

Նա հավելել է, որ չունի տեղեկություն այն մասին, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվել պետական մակարդակով՝ Ցեղասպանության հիշատակման նպատակով։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԺ պատգտամավոր Վահագն Ալեքսանյանն Ազգային ժողովի ամբիոնից հերթական անգամ խեղաթյուրել է փաստերը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և այն ժամանակվա ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցին։

Մամիջանյանը հրապարակել է ԱՄՆ դեսպանատան կողմից 2010 թվականին տարածված պաշտոնական հերքումը՝ նշելով․ «Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը՝ այդ «տիտղոսները» հավերժ ձերն են»:

 Ուշագրավ
---