Մամիջանյան. Ադրբեջանի հետ բանակցություններում պետք է ներգրավել միջազգային միջնորդ, երաշխավոր

Մամիջանյան. Ադրբեջանի հետ բանակցություններում պետք է ներգրավել միջազգային միջնորդ, երաշխավոր

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարևորել է միջազգային միջնորդի ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում՝ նշելով, որ ներկայիս ձևաչափը չի բերում ցանկալի արդյունքի։

«Գուցե, պետք է գոնե հիմա փորձել այլ ճանապարհ՝ ներգրավել միջազգային միջնորդ, ներգրավել բանակցային գործընթացի երաշխավոր, վերափոխել բանակցությունների տրամաբանությունը և այլն»,–հայտարարել է Մամիջանյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նրա կարծիքով՝ ինչպես ներկայիս հակամարտությունը, այնպես էլ համաշխարհային պատմության բազմաթիվ հակամարտություններ երբեք չեն կարգավորվել առանց վստահելի միջնորդի մասնակցության։

«Չկա նման դեպք պատմության մեջ»,–ասել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Մամիջանյանը հստակեցրել է, որ միջնորդության հարցում չի դնում աշխարհաքաղաքական նախապայմաններ, քանի որ նպատակն է գտնել այնպիսի դերակատար, որն ունենա երկու հիմնական հատկանիշ։

«Անհրաժեշտ է գտնել մի որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է երկու մինիմալ պահանջների: Առաջինը՝ ունակ է ներգրավվել, կարող է իր հեղինակությամբ այնպես անել, որ երկու կողմերն էլ ընդունեն իր միջնորդական ծառայությունները:

Երկրորդը՝ այն այս կամ այն կերպ ներգործողություն և ներկայություն ունի տարածաշրջանում, ում ասածը կարող է գնալ անդին, քան հայտարարությունները: Բացառությամբ Թուրքիայի՝ ցանկացած կողմ և ցանկացած միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է այս երկու մինիմալ պահանջներին, կարծում եմ, որ շատ ավելի լավ արդյունքի կբերի, քան այս պահին ընթացող բանակցությունները»,–ընդգծել է Մամիջանյանը։

Վերջին շրջանում ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով, առանց միջնորդի ներգրավման։

 Ուշագրավ
---