Դիվանագետների խորհուրդ․ Պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնել հանուն արդարության, ընդդեմ ժխտողականության![]() 23 ապրիլի 2025 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Դիվանագետների համահայկական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ապրիլի 24-ի համազգային ոգեկոչման օրվան և դրա համատեքստում առաջացած մարտահրավերներին։ Նշվում է, որ պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնել հանուն արդարության, ընդդեմ ժխտողականության: «Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը նահատակ դարձած 1.5մլն հայերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձաններին: «Հիշու՛մ եմ և պահանջու՛մ» ուխտն առավել կարևորություն է ստանում այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, երբ հայ ազգն առերեսվում է նախկինում աներևակայելի թվացող ուրացման ու ժխտողականության քաղաքականությանը, որին լծվել է նաև ներկայիս հայաստանյան իշխանությունը, խաղաղության պատրանքի ակնկալիքով, դարավոր թշնամուց ողորմության փշրանքներ աղերսելով: Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն կազմակերպված և իրականացված հայ բնակչությանն իր հազարամյակների բնօրրանից բնաջնջելու տասնամյակների քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ 1915թ.-ին և շարունակվեց մինչև 1923 թվականը: Քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ մի ողջ ժողովուրդ կոտորվեց, հայրենազրկվեց, հազարամյակների մշակույթն ու քաղաքակրթությունը զոհ գնացին թուրքական ազգայնամոլությանը՝ ուղեկցվելով աշխարհի մեծերի՝ քաղաքական շահից ու նպատակահարմարությունից թելադրված լռությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։ Խորհուրդը նշել է, որ վերջին վաթսուն տարիներին մեծ ջանքեր են գործադրվել՝ մարդկության դեմ գործված այդ ոճրագործությունը միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ։ «Այլևս երբե՛քը» դարձել է առաջնորդող սկզբունք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու մարդկության դեմ այդ ամենածանր հանցագործության դատապարտմանը և կանխարգելմանը զորագրված մի շարք պետությունների ու բազմաթիվ գործիչների համար, ակտիվ պայքար է մղվել ցեղասպանության ժխտման՝ որպես ցեղասպանության հանցագործության վերջին փուլի դեմ: Ըստ խորհրդի՝ Թուրքիայի կողմից տարիներ շարունակ տարվող ժխտողական քաղաքականությունը, որը ուղեկցվել է պատմության խեղաթյուրումներով ու հայկական պահանջատիրության հիմնազրկման փորձերով, այն դարձրել է մեկ դար առաջ գործված հանցագործության անմիջական մեղսակից։ Նշվում է, որ ժամանակակից Թուրքիայի վարած քաղաքականությունը, ինչպես նաև դրա նոր դրսևորումներն՝ «պանթուրքական ու նեո-օսմանական» նկրտումներով, ստեղծել են նոր սպառնալիքներ հայ ժողովրդի գոյության համար։ Այդ շարքում ընդգծվել են ոչ միայն անցյալ դարի Սումգայիթի, Կիրովաբադի ու Բաքվի ջարդերը, այլև վերջերս Արցախում տեղի ունեցած պատերազմները, շրջափակումը և հայկական բնակչության բռնի տեղահանումը։ Խորհուրդը ընդգծել է, որ հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, որոնք միայն արտաքին բնույթ չեն կրում։ «Հայ ժողովրդի պայքարն այսօր ավելի լայն եզրեր է ընդգրկում: Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 110-ամյա տարելիցին ազգովի աննախադեպ սպառնալիքների առջև ենք հայտնվել՝ գոյաբանական վտանգ Հայաստանի համար, խորացող անվտանգային մարտահրավերներ ու ազգային ինքնության ոչնչացմանն ուղղված գործողություններ, որին լծվել է նաև մեր պետության կառավարման ղեկին հայտնված խմբակը: Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե հիմնված չէ ճշմարտության և արդարության վրա, հանդիսանում է ոչ միայն պատրանք, այլև վտանգավոր ուղի, որը կարող է վտանգել ոչ միայն ներկան, այլև ապագան։ Պատմությունը խեղաթյուրելու, միլիոնավոր զոհերի տառապանքները մոռանալու, նրանց իրավահաջորդների իրավունքներն անտեսելու գնով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերությունների կառուցումը մի կողմից պատրանք է, մյուս կողմից՝ անհեռատես ու վտանգավոր քաղաքականություն, որը չի կարող հանգեցնել ո՛չ արդարության, ո՛չ հաշտեցման, ոչ էլ բարիդրացիական ու անվտանգային միջավայրի ստեղծման: Հայոց ցեղասպանության իրողությունն ու ողբերգության մասշտաբները ոչ միայն բացահայտ ժխտելը, այլև տարբեր ձևակերպումներով կասկածի տակ դնելը ուղղված են հայ ժողովրդի պատմության, հիշողության, ինքնության, արժանապատվության դեմ, հետևաբար՝ նաև հայոց պետականության դեմ, ուստի հանցավոր են ու խստագույնս դատապարտելի։ Ապրիլի 24-ին միասնաբար ոգեկոչելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, պարտավոր ենք մեր վճռական ձայնը բարձրացնել հանուն արդարության, հանդես գալ ժխտողականության, հայոց պատմության ամենամեծ ողբերգության խեղաթյուրման կամ նսեմացման ցանկացած փորձի դեմ։ Կո՛չ ենք անում շարունակել պայքարը հանուն արդարության հաստատման, հանուն հայ ազգի՝ սեփական հայրենիքում հարատևման»,–ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |