Աքչամ․ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին

Աքչամ․ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Թուրք նշանավոր պատմաբան և հասարակական գործիչ Թաներ Աքչամը նշել է, որ հայկական «Ակոս» թերթի խմբագիր, հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում շատ բան է փոխվել, մարդիկ սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին, բազմաթիվ քաղաքներում կատարվել են հիշատակի արարողություններ, ինչը հոգեբանական հաղթանակ է նրանց համար, որոնք այսօր էլ Թուրքիայում պայքարում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար՝ իշխանություններին կոչ անելով նաև առերեսվել պատմական իրողությունների հետ։

Աքչամը, որը գտնվում է Երևանում և մասնակցել է իր հեղինակած «Ցեղասպան պետության ակունքները» գրքի շնորհանդեսին, հանդես է եկել ելույթով, հայտնում է Արմենպրեսը։

«Եթե ցանկանում եք հիմնել ժողովրդավարական երկիր և այնպիսի հասարակություն, որտեղ հարգվում են մարդու հիմնարար իրավունքները, ապա անհրաժեշտ է նախևառաջ ընդունել սեփական սխալները, առերեսվել պատմական իրողությունների ու փաստերի հետ, որքան էլ որ դրանք լինեն ցավոտ և անպատվաբեր, հակառակ դեպքում ոչ մի ժողովրդավարական ապագա չի կառուցվի, այլ տարբերակ պարզապես չկա»,- ասել է Աքչամը։

Նրա կարծիքով՝ Թուրքիան պետք է սովորի առավել բաց խոսել Հայոց ցեղասպանության մասին, խորությամբ ուսումնասիրել և ճանաչել այդ իրողությունը, քանի որ դա կարևոր նախապայման է հասարակության ներդաշնակության և խաղաղության համար։ Աքչամը ընդգծել է, որ ներկայումս Թուրքիայում քրիստոնյաները, մասնավորապես հայերը, հարկադրված են ապրել երկակի կյանքով․ արտաքին աշխարհում նրանք խուսափում են իրենց ինքնության լիարժեք արտահայտումից, վախենում են ազգային ինքնության վերաբերյալ բաց քննարկումներից, սակայն ընտանիքի շրջանակում պահպանում են իրենց արմատների զգացումը։ Թեև նա չի կանխատեսում նոր ցեղասպանության հավանականություն, այնուամենայնիվ, որոշ զարգացումներ նրան լուրջ անհանգստություն են պատճառել։

«Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում շատ բան է փոխվել։ Մինչև այդ հանցագործությունը եղել են բազմաթիվ ազգայնական հրապարակումներ, բայց մենք արդեն որոշակիորեն հաջողություն ենք գրանցել մեր հոգեբանական պայքարում։ Այո, այսօր ցեղասպանության ժխտումը Թուրքիայում դարձել է պետական քաղաքականություն, և այդ առումով գործում է մի ամբողջ ինդուստրիա, սակայն իշխանությունն արդեն կորցրել է իր հիմքերը սեփական հասարակության մեջ։ Օրինակ, քրդերին չեք համոզի, որ հայերի ցեղասպանություն չի եղել»,- նշել է թուրք մտավորականը։

Նա տեղեկացրել է, որ անցյալ տարի Նյու Յորքում Թուրքիայի կառավարությունը կազմակերպել է խոշոր համաժողով՝ «Խնդրում ենք լսել նաև մեզ» խորագրով։ Աքչամի խոսքով՝ սա բացահայտում է պետական մոտեցման փոփոխությունը, քանի որ նույն իշխանությունն առաջ քաշում էր թուրք մտավորականներին դատարանների միջով միայն Հայոց ցեղասպանության մասին գրելու համար, իսկ այժմ ձգտում է լսելի դառնալ միջազգային ասպարեզում։

«Միջազգային ասպարեզում թուրքական իշխանությունները կորցրել են բոլոր հեղինակավոր հարթակները, որտեղ կարող են խոսել հայերի ցեղասպանության ժխտման մասին։ 2000-ական թվականներին ես նույնպես ենթարկվում էի հարձակումների նույնիսկ ԱՄՆ-ում, երբ պարբերաբար մասնակցում էի համաժողովների ու ներկայացնում էի զեկույցներ միայն ոստիկանության պաշտպանության ներքո։ Չնայած այդ խոչընդոտներին՝ ամերիկյան համալսարաններում Հայոց ցեղասպանությունն արդեն փաստագրված և անժխտելի իրողություն է»,- հավաստիացրել է Աքչամը։

Նրա համոզմամբ՝ Թուրքիայում այն քաղաքացիները, ովքեր գիտակցել են, որ իսկապես տեղի են ունեցել հանցագործություններ, սկսել են ազատ արտահայտել իրենց տեսակետները։ 2011-15 թվականների ընթացքում բազմաթիվ քաղաքներում անցկացվել են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ։

«Ես գիտեմ միայն մի բան։ Մեզ մնում է շարունակ պայքարել։ Կա ասացվածք՝ ազատությունն ազատ չէ։ Եթե ուզում ես արդարադատություն, ժողովրդավարություն և ազատություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, ապա դրանք անվճար արժեքներ չեն և ազատորեն մարդկանց չեն տրվում, հետևաբար դուք պետք է վճարեք դրա համար։ Թուրքիայում կան բավականին շատ մարդիկ, ովքեր պատրաստ են վճարել այդ գինը»,- եզրափակել է Աքչամը։

 Ուշագրավ
---