Կաթողիկոսը փաստաբանների հետ քննարկել է արցախցիների իրավունքների և գերիների հարցերը

Կաթողիկոսը փաստաբանների հետ քննարկել է արցախցիների իրավունքների և գերիների հարցերը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցների հետ անդրադարձել է արցախցիների իրավունքների պաշտպանությանը, գերիների վերադարձին և հոգևոր ժառանգության պահպանմանը։

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ներկայացրել է պատվիրակներին։ Վերջիններիս այցի նպատակն է եղել ծանոթանալ Հայ Առաքելական Եկեղեցու դերին՝ ազգային և հասարակական կյանքի մեջ։

Ողջունելով այցելուներին Մայր Աթոռում՝ Գարեգին Երկրորդը շեշտել է Սուրբ Էջմիածնի դերն ինչպես պատմության ընթացքում, այնպես էլ ներկա պայմաններում՝ որպես հայ ժողովրդի հոգևոր կենտրոն։ Նա ընդգծել է, որ քրիստոնեությունը դարերի ընթացքում եղել է ազգային ինքնության, հոգևոր և մշակութային արժեքների առանցքը։

Այնուհետև Նորին Սրբությունը խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ ընդգծելով, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված հանցագործությունները շարունակություն են գտել վերջին տարիներին՝ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպան բնույթի գործողությունների տեսքով Արցախի հայության հանդեպ։

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը քննարկել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները, արցախահայության իրավունքների պաշտպանությունը, Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի խնդիրը, ինչպես նաև Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների դերը նման ոճրագործությունների կանխման և դատապարտման հարցում։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել փաստաբաններին՝ միջազգային հարթակներում մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հաստատման ուղղությամբ իրենց ներդրած ջանքերի համար։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։

 Ուշագրավ
---