24 ապրիլի 2025 - 12:00 AMT
Մանասյան․ Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ընդգծել է, որ ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում:

Նա նշել է, որ իրավական ու բարոյական պատասխանատվությունն ընդհանուր է մարդկության համար:

«Այսօր քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:

Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու անմարդկային տանջանքների։ Չնայած մարդու իրավունքների պաշտպանության` շարունակաբար կատարելագործվող կառուցակարգերին՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված և անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։

Պետք է նկատի ունենալ, որ այսպիսի արարքների անպատժելիությունը ցավալիորեն ծնում է նոր հանցագործություններ։ Այդ փաստը հաստատող օրինակներն աշխարհում բազմաթիվ են: 2023 թվականին էլ ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանմանն ու նրանց նկատմամբ հանցանքների, դաժանությունների և վատ վերաբերմունքի բազմապիսի դրսևորումների:

Ցավոք, այսօրվա աշխարհում էլ իրականություն է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պարարտ հիմք ձևավորող էթնիկ հիմքով ատելությունը, այդ թվում հայատյացության քաղաքականությունը:

Ընդգծում եմ, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։ Նման ոճրագործությունների դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի գործարկումը պետք է լինի օրակարգային յուրաքանչյուրիս համար։

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում: Այն անդառնալի հետևանքներ է ունենում ամբողջ մարդկության ու մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի վրա:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հանցագործության դատապարտման, արդարության վերականգնման և համանման արարքների կանխարգելման գործում»,-ասվում է ուղերձում: