Արտակ Բեգլարյանը Նյու Յորքում խոսել է ալիևյան ռեժիմի իրականացրած ցեղասպանության մասին

Արտակ Բեգլարյանը Նյու Յորքում խոսել է ալիևյան ռեժիմի իրականացրած ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - «Արցախ Միության» նախագահ Արտակ Բեգլարյանը ապրիլի 24-ին մասնակցել է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում կազմակերպված հանրային միջոցառմանը, որը անցկացվել է Հայոց ցեղասպանության 110-ամյակի առթիվ։

Բեգլարյանը ներկայացրել է ցեղասպանությունների իրագործման ժամանակակից միտումներն ու արդարադատության միջազգային գործիքակազմը՝ Արցախի ժողովրդի ցեղասպանության օրինակով, մինչդեռ իրավապաշտպան Ջեհան Հենրին անդրադարձել է Սուդանի ժողովրդի ցեղասպանությանը, հայտնում է Միությունը։

Արտակ Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է հակամարտության պատմական զարգացումները՝ շեշտելով, որ ալիևյան ռեժիմը հետևողական և ժամանակակից մեթոդներով իրականացրել է Արցախի բնիկ բնակչության ցեղասպանություն՝ նպատակ ունենալով նրանց հայրենազրկել առանց մեծ աղմուկի։ Նա բերել է մի շարք օրինակներ, որոնք ի ցույց են դնում ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության օրինաչափ բնույթը և դիտավորությունը՝ ընդգծելով, որ այն Հայոց ցեղասպանության գաղափարական շարունակությունն է։

Բեգլարյանը ընդգծել է, որ «միջազգային արդարադատության ապահովումը շատ կարևոր անհրաժեշտություն է՝ թե՛ հասցեագրելու ցեղասպանության հետևանքները, թե՛ կանխելու հնարավոր նոր ոճրագործությունները տարածաշրջանում ու աշխարհի այլ անկյուններում»։

Միջոցառումը կազմակերպվել է Ուսուցիչների քոլեջի խաղաղության կրթության ցանցի, Կոլումբիայի հայկական ուսումնասիրությունների կենտրոնի, Կոլումբիայի իրավագիտության դպրոցի մարդու իրավունքների ինստիտուտի և մի շարք այլ գործընկեր կառույցների կողմից։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---