Թուրքիայի խորհրդարանի միակ քրիստոնյա պատգամավորը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության տարելիցը

Թուրքիայի խորհրդարանի միակ քրիստոնյա պատգամավորը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության տարելիցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգային մեծ ժողովում միակ քրիստոնյա պատգամավոր Ջորջ Ասլանը՝ Մարդինից ընտրված և ծագումով ասորի, որը ներկայացնում է քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ասլանը խորհրդարանում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Նա նշել է, որ «հարգանքով է հիշում այդ իրադարձությունների ժամանակ իրենց կյանքը կորցրած հայերին, սիրիացիներին և մյուս բոլոր ժողովուրդներին», հայտնում է Factor.am-ը։

Ասլանը ելույթի ժամանակ դիմել է խորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցություններին՝ նշելով․ «Պարո՛ն նախագահ, հարգելի՛ պատգամավորներ։ Այսօր լրանում է 1915 թվականի ապրիլի 24-ի իրադարձությունների 110-րդ տարելիցը, որոնք մութ հետք են թողել Թուրքիայի պատմության մեջ։ Ես հարգանքով եմ հիշում հայերին, ասորիներին և բոլոր մյուս ազգերին, որոնք զոհվեցին այս իրադարձությունների ժամանակ։ 1915 թվականին Թուրքիայի բնակչությունը կազմում էր 13 միլիոն, որից 3 միլիոնը քրիստոնյաներ էին։ Այսօր Թուրքիայի բնակչությունը կազմում է 86 միլիոն, իսկ քրիստոնյաների թիվը 50 հազար է։ Հիմա հարց ունեմ խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցություններին, ինչո՞ւ է այսօր Թուրքիայի բնակչությունը 86 միլիոն, իսկ քրիստոնյաների թիվը՝ 50 հազար։ Ժողովրդավարությունը կարող է գալ Թուրքիա միայն այս հարցին ձեր տված պատասխանով, հակառակ դեպքում՝ ժողովրդավարությունն այս երկիր չի գա»։

Ասլանի ելույթին արձագանքել է «Արդարություն և զարգացում» կուսակցության Քոնիայի պատգամավոր Ունալ Քարամանը, որը նախկինում եղել է «Տրաբզոնսպոր» ակումբի ֆուտբոլիստ․ նա ասել է․ «Հարցրեք պատմաբաններին, պատմաբաններին»։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ասլանի խոսքի ընթացքում նրա բարձրախոսն անջատվել է։

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կենտրոնական գործադիր կոմիտեն ևս հրապարակել է գրավոր հայտարարություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---