Փաշինյանն Էստոնիայում է․ Հանդիպել է հայ համայնքի հետ

Փաշինյանն Էստոնիայում է․ Հանդիպել է հայ համայնքի հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական այցով գտնվելով Էստոնիայում՝ Տալլինում, ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Փաշինյանն անդրադարձել է Էստոնիա կատարած այցի շրջանակում նախատեսված քննարկումներին, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններին։

Նա ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, խոսել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին։

Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային զարգացումներին, ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, ինչպես նաև Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին և նախաձեռնություններին։

Այցի հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացնելու է հանդիպումներ Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կալիսի, Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի, ինչպես նաև Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Երկու երկրների վարչապետները հանդես են գալու մամուլի ասուլիսով։

Պատվիրակության կազմում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և այլք։

Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 23-ին։ Այս տարիների ընթացքում ստորագրվել են տասնյակից ավելի համաձայնագրեր և հուշագրեր՝ մի շարք ոլորտներում կապերի զարգացման նպատակով։

 Ուշագրավ
---