ԱԳՆ դիվանագիտական դպրոցը մեկնարկում է 2025-26թթ. դասընթացի ընդունելության մրցույթը

ԱԳՆ դիվանագիտական դպրոցը մեկնարկում է 2025-26թթ. դասընթացի ընդունելության մրցույթը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարել է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2025-26 թթ. դասընթացի մասնակցության մրցույթը։

Կարող են դիմել այն ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, դիմում ներկայացնելու պահին չեն լրացրել 35 տարին, ունեն ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ սահմանված որակավորում և չեն տառապում այն հիվանդություններից, որոնք նշված են ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում։

Դասընթացում ուսուցումը կանցկացվի հայերեն և անգլերեն լեզուներով։ Բացի այդ, դիմորդը պետք է տիրապետի նաև մեկ այլ օտար լեզվի՝ իր ընտրությամբ։ Լեզուների իմացությունը ստուգվելու է թե՛ գրավոր, թե՛ բանավոր փուլերի ընթացքում։ Երկրորդ օտար լեզվի ընտրությունը դիմորդը պետք է նշի դիմում-հայտում նախապես։

Դասընթացի շրջանակում դասախոսելու են ՀՀ ԱԳՆ փորձառու դիվանագետներ և արտասահմանյան առաջատար համալսարաններից հրավիրված դասախոսներ։ Դասընթացը կմեկնարկի 2025 թվականի սեպտեմբերին և կավարտվի 2026 թվականի հուլիսին։ Ուսումը կանցկացվի անվճար։

Պահանջվող փաստաթղթերի ցանկին ծանոթանալու և դիմումի ձևը բեռնելու համար անհրաժեշտ է այցելել Դիվանագիտական դպրոցի պաշտոնական կայքի «ընդունելություն» բաժինը նշված հասցեով։

Էլեկտրոնային եղանակով դիմումներ գրանցած և պահանջվող փաստաթղթերը ներկայացրած անձինք 2025 թվականի հունիսի 16-ին կհրավիրվեն առաջին փուլ՝ գրավոր քննությանը, որը ներառում է բազմակի ընտրության թեստեր՝ ՀՀ Սահմանադրության, հայոց պատմության, համաշխարհային պատմության, աշխարհագրության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմաներով, ինչպես նաև մասնագիտական տեքստերի թարգմանություն հայերենից անգլերեն և հայերենից դիմորդի նշած երկրորդ օտար լեզու։

Գրավոր առաջին փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն երկրորդ փուլ՝ գրավոր շարադրություն միջազգային հարաբերությունների կամ արտաքին քաղաքականության թեմայով։ Երկրորդ փուլն անցնելուց հետո դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի։ Մրցույթի լավագույն մասնակիցները կընդգրկվեն դասընթացում։

Դիմորդներից ակնկալվում է լինել տեղեկացված միջազգային հարաբերությունների ոլորտի ընթացիկ հիմնական իրադարձությունների վերաբերյալ։

Ուսումնական ծրագիրը ներառում է թե՛ տեսական, թե՛ գործնական առարկաներ։ Ունկնդիրները կանցնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքներն, ինչպես նաև դասերին մասնակցության, այցելությունների և պրակտիկայի գնահատականների հետ միասին, կկազմեն վերջնական գնահատականը։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական։ Լավագույն շրջանավարտներին հնարավորություն կտրվի, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, աշխատանքի անցնել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։

Դասերը կանցկացվեն Դիվանագիտական դպրոցում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք)՝ ամեն աշխատանքային օր, օրվա երկրորդ կեսին։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2025 թվականի ապրիլի 28-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ՝

  • լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը,
  • մայիսի 26-ից մինչև հունիսի 11-ը ներառյալ անձամբ ներկայացնել փաստաթղթերը ՀՀ դիվանագիտական դպրոց՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեով, Երևան 0010, ամեն աշխատանքային օր՝ ժամը 10.00-ից 17.30-ն (ընդմիջում՝ 13.00-14.00)։

 Ուշագրավ
---