Աքչամ․ Թուրքիայում ժողովրդավարացումը Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորագույն նախապայման է

Աքչամ․ Թուրքիայում ժողովրդավարացումը Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորագույն նախապայման է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Քլարկի համալսարանի Հայկական ինստիտուտի Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագրի հիմնադիր տնօրեն, թուրք պատմաբան Թաներ Աքչամը ԵՊՀ պատմության ֆակուլտետում ներկայացրեց իր՝ «Ցեղասպան պետության ակունքները» գիրքը։ Այն հայերեն է թարգմանվել անգլերենից և ներկայացնում է Օսմանյան կայսրության մայրամուտի և նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության ձևավորման պատմությունը՝ 1918-1923 թվականներին, հայտնում է Factor.am-ը։

Նա նշել է, որ Թուրքիայում ժողովրդավարացումը Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորագույն նախապայման է:

Աքչամը հայտնի է որպես այն հազվագյուտ թուրք գիտնականներից մեկը, ով ճանաչում և հրապարակավ անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը։

Նա հեղինակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր և հոդվածներ։ Իր նոր գրքում պատմաբանը քննադատել է Թուրքիայի Հանրապետության հարյուրամյա պատմությունը՝ ընդգծելով դրա կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարության պակասը։ Աքչամը բարձրացրել է այն հարցը, թե ինչու չի հաջողվել ստեղծել հավասարության վրա հիմնված պետություն և ներկայացրել է, թե ինչպես է երկրի պաշտոնական պատմությունը խեղաթյուրվել և ծառայում իշխանություններին։ Նա նշել է, որ Թուրքիայի պետական կառուցվածքն ստեղծվել է խտրականության, բռնության և ճնշումների հիման վրա՝ համեմատելով այն ապարտեիդի համակարգի հետ։

«1918-ից սկսած Թուրքիան ստեղծում է ապարտեիդի ռեժիմ։ Իմ հիմնական փաստարկն այն է, որ այս ապարտեիդի ռեժիմն ավարտին հասցրեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության ծրագիրը։ Թուրքիան ստեղծեց մի իրավիճակ, որով հնարավորություն չտվեց երկրի քրիստոնյաներին մասնակցել այդ երկրի քաղաքական, սոցիալական կամ մշակութային կյանքին»,- ասել է Թաներ Աքչամը։

Պատմաբանը ընդգծել է, որ իր գրքում ներկայացված են փաստեր այն մասին, թե ինչպես է թուրքական պետությունը համարակալել քաղաքացիների ծննդյան վկայականներն ու անձնագրերը՝ պարզելու նրանց ազգային պատկանելությունը և արգելելու ազգային փոքրամասնություններին բարձր պաշտոնների հասնելը։

«Համարակալման այդ համակարգում հույները նշված են որպես մեկ, հայերը՝ երկու, հրեաները՝ երեք։ Իսկ եթե նույնիսկ նորածին երեխայի ծնողները չհիշեն կամ մոռանան, որ իրենք պատկանում են այս կամ այն ազգային փոքրամասնությանը, պետությունը դա երբեք չի մոռանում»,- ասում է Աքչամը։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ թուրք պատմաբանը նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել դիվանագիտական հարաբերությունների նախապայման։ Նրա պնդմամբ՝ Հայաստանի ղեկավարները երբեք նման նախապայման չեն ներկայացրել։ Թաներ Աքչամը շեշտել է, որ այսօր առաջնահերթ է ցույց տալ ժողովրդավարացման գործընթացի և Հայոց ցեղասպանության ճանաչման միջև եղած կապը։

«Ժողովրդավարությունը և Հայոց ցեղասպանության ճանաչումը հեշտ չէ կապել իրար հետ։ Ինչու՞ հեշտ չէ․ որովհետև ճանաչումն արդարության հիմնախնդիր է, դա ոչինչ է առանց ժողովրդավարության։ Եթե դու նույնիսկ ունես ժողովրդավարություն, ինչպես օրինակ ԱՄՆ-ն, դու կարող ես շարունակել հերքել Հայոց ցեղասպանությունը։ Ժողովրդավարությունը չի կարող լուծել արդարության խնդիրները, բայց ժողովրդավարությունը, կարծես, արդարություն գտնելու մուտքի տոմս լինի ձեզ համար, մեզ համար։ Սա է պատճառը, թե ինչու ենք մենք ընդգծում, որ Թուրքիաում ժողովրդավարացման գործընթացը Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության ամենակարևոր նախապայմաններից մեկն է»,- նշել է թուրք պատմաբանը։

Աքչամը նաև կոչ է արել պատմությունը դիտարկել նոր տեսանկյունից՝ ընդունելով անցյալի սխալները։

 Ուշագրավ
---