Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին․ Կոնկրետ նպատակի շուրջ հնարավոր է

Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին․ Կոնկրետ նպատակի շուրջ հնարավոր է

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հանդիպել է «Հայկական hամալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ։ Պատասխանելով ընդդիմության հնարավոր համախմբման և միասնական պայքարի մասին հարցին, նա ասել է, որ դա հնարավոր է հստակ նպատակի շուրջ։

«Նայած՝ մենք ի՞նչ ենք հասկանում համախմբվելու տակ։ Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել”,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ հնարավոր է որոշակի պայմանավորություններ ունենալ տակտիկական առումով։

«Բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ և՛ մոտեցումների հարց կա, և՛ ընկալումների հարց կա, և՛ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է։

Եթե, օրինակ, ընտրությունների ինչ-որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձևավորել, այո։ Բայց մի դաշինք ձևավորել, որտեղ կարող են լինել 15 կամ 20 միավոր, ուղղակի իրատեսական չէ, չի աշխատելու, մենք մեզ չխաբենք։ Բարի ցանկությունները միշտ չէ, որ աշխատող բանաձև է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Ապրիլի 24–ին Ծիծեռնակաբերդում, պատասխանելով մի քանի հարցի, Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ հնարավոր է առաջիկայում կրկին հանդիպի լրագրողներին և, ըստ ամենայնի, կազմակերպի նոր ասուլիս։

 Ուշագրավ
---