Խաչատուրյան. Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ

Խաչատուրյան. Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Երևանում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով տարածաշրջանային կայունության ու երկարատև խաղաղության հաստատման հարցերին, ասել է, որ ՀՀ–ն ակնկալում է, որ կարող է համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ։

«Հայաստանը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է իր կառուցողական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում: Վերստին ցանկանում եմ ընդգծել, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» տեքստը վերջնական համաձայնեցվել է և պատրաստ է ստորագրման։ Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ»,–ասել է նա։

ՀՀ նախագահը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն աչքի են ընկել մեծ ակտիվությամբ և ընդլայնվող բովանդակությամբ:

«Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերությունները հիմնված են ռազմավարական գործընկերության տրամաբանության, ժողովրդավարական արժեքների, մեր պետությունների ինքնիշխանության և երկու բարեկամ ժողովուրդների ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի ու ընդհանուր ապագայի տեսլականի վրա։ Շարունակվում են պարբերական այցելությունները բարձրագույն և բարձր մակարդակով: Զարգանում և խորանում է համագործակցությունը պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում:

Նախորդ տարիներին համագործակցության աննախադեպ ակտիվացումը, ռազմավարական գործընկերության հաստատումը կայուն հիմքեր են ստեղծել և պարտավորեցնում են մեզ բազմապատկել ջանքերը փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Կարևորում եմ Հայաստանի և Վրաստանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունները՝ որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման գործոն: Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։

Այսօր գործընկերոջս հետ անդրադարձել ենք Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, սպորտի ու երիտասարդության ոլորտներին առնչվող հարցերը»,–ասել է նա։

Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը։

«Ողջունում ենք համագործակցության եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները և արժևորում Վրաստանի դերը համագործակցության եզրեր գտնելու, ընդհանուր տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում։ Մտքեր ենք փոխանակել նաև միջազգային կարևորության մի շարք հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների և տարածաշրջանային հեռանկարների վերաբերյալ։

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ վստահություն հայտնել, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և ողջ տարածաշրջանի»,-ասել է նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

 Ուշագրավ
---