Amnesty International․ ՀՀ ոստիկանությունը ցուցարարների դեմ անօրինական ուժ է կիրառել![]() 29 ապրիլի 2025 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Amnesty International-ի իրավապաշտպաններն իրենց ամենամյա զեկույցում արձանագրել են, որ Հայաստանում ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառված ուժը «որոշ դեպքերում իրավաչափ չի եղել»։ 2024 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում տիրող իրավիճակի մասին հրապարակված զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում իրավապաշտպանները շեշտել են, վարչապետի հրաժարականի պահանջով ապրիլին և մայիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանությունը մի քանի անգամ անօրինական ուժ է կիրառել, հայտնում է «Ազատությունը»։ Հունիսի 12-ին Երևանի կենտրոնում բախում է տեղի ունեցել ոստիկանության և սահմանազատման դեմ բողոքող ցուցարարների միջև։ 101 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ոստիկանության 17 աշխատակից։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ 98 մարդ ձերբակալվել է, նրանցից առնվազն 15-ին հետագայում հասարակական կարգը խախտելու և խուլիգանության մեղադրանքներ են առաջադրվել։ Ոստիկանության գործողությունների իրավաչափության և օրինականության վերաբերյալ հետաքննության արդյունքում իրավապահներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել»: Իրավապաշտպանները ընդգծել են, որ անցած տարվա գարնանը սկսված բողոքի ալիքի մեկ այլ բնորոշ գիծը լրագրողների նկատմամբ ճնշումներն են եղել։ «Ապրիլին և մայիսին տեղի ունեցած ցույցերն ուղեկցվել են լրագրողների դեմ ճնշումների և հետապնդումների, այդ թվում՝ նրանց ուղղված վիրավորանքի և սպառնալիքների դեպքերի աճով։ Հայաստանում գործող «Խոսքի ազատության կոմիտեի» տվյալներով՝ լրատվամիջոցների 14 ներկայացուցիչներ են տուժել բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում։ Դա տեղի է ունեցել թե թիրախային հարձակումների և թե ամբոխի հրմշտոցի պատճառով։ Որոշ լրագրողների հրել և գետին են գցել, ոմանք էլ ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվել՝ վնասվածքներ ստանալով», - նշված է Amnesty International-ի պատրաստած զեկույցում։ Կազմակերպությունը ուշադրություն է դարձրել նաև ընդդիմադիր գործիչներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը, որոնք տեղի են ունեցել 2024 թվականի մարտի 22-ին։ «Երկու տղամարդիկ մեղադրվում էին Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության մյուս անդամների մասին AntiFake կայքում անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու համար։ Նրանց դատավարությունը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին։ Եթե դատարանը Սաղաթելյանին և Սամսոնյանին մեղավոր ճանաչի, նրանց կարող է մինչև հինգ տարվա ազատազրկում սպառնալ»,-նշում են Amnesty International-ի իրավապաշտպանները։ Հայաստանում տիրող իրավիճակը վերլուծելիս զեկույցի հեղինակները շեշտել են նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածության պահպանման հանգամանքը։ «Ադրբեջանի հետ հետկոնֆլիկտային լարվածությունը շարունակում է Հայաստանում ներքաղաքական խժդժությունները սնուցող գործոն հանդիսանալ»,- նշում են զեկույցի հեղինակները՝ անդրադառնալով նաև մայիսին սկսված սահմանազատման և սահմանագծման գործընթացին։ Amnesty International-ը փաստել է, որ Բաքվի հետ սահմանազատման համաձայնությամբ Տավուշի մարզի չորս գյուղեր մնացել են ադրբեջանական կողմում։ Նրանք ընդգծել են նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավիճակը՝ նշելով, որ Հայաստանում նրանք շարունակում են բախվել լուրջ խնդիրների։ «Կառավարությունը շարունակում է դժվարությունների բախվել այն ավելի քան 100,000 փախստականների ինտեգրման հարցում, որոնք 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողության հաստատումից հետո ապաստան են գտել Հայաստանում: Հատկապես բնակարանային ապահովման, զբաղվածության և կրթության հարցերը շատ փախստականների համար շարունակում էին խնդրահարույց մնալ։ Նրանց [Լեռնային Ղարաբաղ] անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը մնաց չիրականացված»,-ասվում է զեկույցում։ Զեկույցի հեղինակները անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումներին՝ փաստաթղթի Ադրբեջանին նվիրված հատվածում։ «Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց արձանագրվեց օգոստոսին, այն բանից հետո, երբ Ադրբեջանը համաձայնեց [այդ բանակցությունների] օրակարգից հեռացնել իր հիմնական տարածքը Նախիջևանի էքսկլավին կապող «Զանգեզուրի միջանցքի» մասին պահանջը։ Ադրբեջանի կողմից ներկայացվող նոր պայմանները, սակայն, մասնավորաբար Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու և փաստաթղթից Լեռնային Ղարաբաղի հետ միասնության մասին հղումները հեռացնելու, ինչպես նաև սահմանազատման շուրջ շարունակվող վեճերը, ավելի բարդացրին վերջնական կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերը»,-նշում են Amnesty International-ի ամենամյա զեկույցի հեղինակները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |