Փաստաբան․ Չի կազմակերպվել դատաբժշկի այցը ԲԿ՝ Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար

Փաստաբան․ Չի կազմակերպվել դատաբժշկի այցը ԲԿ՝ Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու  համար

PanARMENIAN.Net - Նոր Նորքի վարչական շրջանում թաղապետի մասնակցությամբ ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց տեփափոխված ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար դատաբժշկի այցը ԲԿ չի կազմակերպվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։

Փաստաբանը հիշեցրել է, որ Չախոյանը հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն և մինչ օրս շարունակում է ստանալ ստացիոնար բուժում՝ այն վնասվածքներից, որոնք, իր պնդմամբ, պատճառվել են «Նոր Նորքի թաղապետի և նրա հանցակիցների գործողությունները»։

«Քննիչի կողմից նախորդիվ իրավացիորեն կայացվել էր Արթուր Չախոյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու որոշում, որը, սակայն, անհնարին է, քանի որ ըստ բժիշկների` Չախոյանը դեռ պետք է շարունակի ստանալ համապատասխան բուժում և քանի դեռ դուրս չի գրվել ԲԿ ֊ից, չի կարող այցելել դատաբժշկի` փորձաքննության ենթարկվելու։

Հարկ եմ համարում իրազեկել, որ չի կազմակերպվել նաև դատաբժշկի այցը ԲԿ տեղում Ա. Չախոյանի նկատմամբ փորձաքննություն իրականացնելու համար, որպիսի հանգամանքով պայմանավորված` այսօր պաշտպանության կողմն է հանդես եկել համապատասխան միջնորդությամբ։

Հատկանշական է, որ Ա. Չախոյանի նկատմամբ փորձաքննության իրականացման հապաղումը կարող է բացասաբար անդրադառնալ վերջինիս ստացած վնասվածքների իմաստով ճիշտ հետևությունների հանգելու, օբյեկտիվ եզրակացություն կայացնելու համաի, ինչը էական նշանակություն կարող է ունենալ Նոր Նորքի թաղապետի ու իր հանցակիցների իրականացրած գործողություններին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու կապակցությամբ»,–ասվում է գրառման մեջ։

Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում բոլոր չորս մեղադրյալների, այդ թվում՝ թաղապետի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել երկրից բացակայելու արգելքը։

Մեկ այլ՝ մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով խուլիգանություն իրականացնելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում երկու անձի՝ ակտիվիստ Արթուր Չախոյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ նույնպես կիրառվել է բացակայելու արգելքը։

 Ուշագրավ
---