Գործող քաղաքապետը խոստացել է բարեխիղճ աշխատել Երեւանի բնակիչների հետ

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը` գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կեսօրին քվեարկել է թիվ 39 դպրոցում գտնվող ընտրատեղամասում: «Այս ընտրությունները կարեւոր են Երեւանի ցանկացած բնակչի համար, սակայն ես եւս շատ ակնկալիքներ ունեմ»,-ասել է Գ.Բեգլարյանը լրագրողներին: Գործող քաղաքապետը խոստացել է բարեխիղճ աշխատել Երեւանի բնակիչների հետ:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Ավետ» հասարակական կազմակերպությունից դիտորդ Հայկ Գեւորգյանը, տեղամասը ժամանակին է սկսել աշխատանքը եւ ընթացքը եւս նորմալ է:



Երեւանում շարունակվում են Ավագանու ընտրությունները: Ընտրությունները սկսվել են 8.00 (GMT+4) եւ կավարտվեն 20.00-ին: Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները կընտրեն այն կուսակցությունները, որոնց միջեւ կբաշխվեն Երեւանի Ավագանու խորհրդի 65 մանդատները: Առավոտվա 11:00-ի տվյալներով ընտրություններին մասնակցել է 90 450 ընտրող, ինչը կազմում է ձայնի իրավունքն ունեցողների 11,72 տոկոսը: Ընտրողների ընդհանուր թիվը Երեւանում 771 477 է:
 Ուշագրավ
---