Գալյան․ Որևէ անձի մասին խոսելը չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում

Գալյան․ Որևէ անձի մասին խոսելը չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով իշխանություն-եկեղեցի լարված հարաբերություններին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ որևէ անձի մասին խոսելը, այդ թվում՝ իրավաբանական, չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում:

Նա նշել է, որ սահմանադրական կարգի տապալումը, որպես քրեորեն հետապնդելի արարք, նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքով, և դա նշանակում է հետևյալը՝ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի Սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունը. խոսքը ՀՀ ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է, հայտնում է 1lurer.am-ը։

Լրագրողները հիշեցրել են նրան, որ հոգևորականները հայտարարել են՝ այս հարցում իր գործողությունը պետք է ունենա նաև արդարադատության նախարարությունը՝ իշխանությանը զսպելու ուղղությամբ, և ընդգծել են, թե կատարվող քայլերը հանգեցնում են սահմանադրական կարգի խախտման։

«Խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է: Խոսքն այն մասին է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը: Խոսքն այն մասին է, որ մեր երկրում ընտրությունները կայանում են այնկերպ, ինչպես կայանում են, մի խոսքով՝ այդ նորմերի փաստացի դադարումն է նշանակում սահմանադրական կարգի տապալում»,- ասել է նախարարը՝ հորդորելով չօգտագործել արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում իրական փաստերին։

Գալյանն ընդգծել է, որ Սահմանադրությամբ, եթե արված է հղում որևէ անձի, այդ թվում՝ իրավաբանական, իսկ եկեղեցին իրավաբանական անձ է, ապա այդ մասին խոսելն ոչ մի պարագայում չի կարող դիտարկվել որպես սահմանադրական կարգի տապալում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։

 Ուշագրավ
---