Արցախցիների իրավունքների խորհուրդ. Ատելության խոսքին գումարվել են ճնշումներն իշխանական շրջանակներից

Արցախցիների իրավունքների խորհուրդ. Ատելության խոսքին գումարվել են ճնշումներն իշխանական շրջանակներից

PanARMENIAN.Net - Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնել է, որ արցախցիների դեմ ատելության խոսքը դարձել է ամենօրյա երևույթ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ առօրյայում։

«Սակայն վերջին օրերին դրան գումարվել են նաև ուղղակի ճնշումներ՝ տարբեր անձանց հանդեպ։ Ճնշումներ, որոնք գալիս են հենց Հայաստանի Հանրապետության իշխանական շրջանակներից։

Այս գործողությունների իրական նպատակը մեկն է՝ դրդել արցախցիներին լքել հայրենիքը, արտագաղթել։ Բայց մենք հստակ հայտարարում ենք՝ Արցախցիների Իրավունքների Պաշտպանության Խորհրդի դիրքորոշումը մնում է անփոփոխ և մենք թույլ չենք տալու, որ մեր հայրենակիցները երկրորդ անգամ էլ ստիպված լինեն լքել իրենց հայրենիքը։

Արսեն Թորոսյանի հնչեցրած սպառնալիքներն ու դրան այսօր հաջորդած ապօրինի ձերբակալությունները, մասնավորապես՝ ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի, ով մասնագիտական աշխատանքի բերումով խոսում էր արցախցիների իրավունքներից, բացահայտում են ճնշումների իրական նպատակն ու բնույթը։

Այս ճնշումները ոչ միայն չեն կարող կոտրել մեր կամքը, այլև՝ ավելի են համախմբելու մեզ, և մենք ավելի վճռական ենք սկսելու մեր պայքարը։

Եվ ուրեմն հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում։

Խորհուրդը շարունակում է իր աշխատանքները։ Շարունակվում են նաև մարզային այցելությունները։ Սա մեր պայքարն է հանուն մեր իրավունքների»,–ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ ՔԿ–ն տվյալ գործով դատարան է ներկայացրել 16 անձանց կալանավորելու միջնորդություն։ Դատարանը բավարարել է նրանցից 9-ի կալանավորման պահանջը, մեկ անձի վերաբերյալ միջնորդության քննարկումը կայացել է, սակայն որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։

Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

 Ուշագրավ
---