Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Խաբուսիկ է այն պնդումը, որ վերացվում է ՀՀ շրջափակումը![]() 11 օգոստոսի 2025 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարել է, որ այսպես կոչված TRIPP (Trump Route for International Peace and Prosperity – Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ) ծրագիրը ներառել է կետեր, որոնք լրջորեն վտանգում են Հայաստանի ռազմավարական ինքնուրույնությունը՝ կենսական ենթակառուցվածքները և տարանցիկ ճանապարհները դնելով օտարերկրյա դերակատարների ազդեցության տակ: Նշվում է, որ խաբուսիկ է այն պնդումը, որ վերացվում է Հայաստանի շրջափակումը։ «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները որպես պատմական խաղաղություն եվ տարածաշրջանային փոխկապակցվածության ու ապաշրջափակման բեկումնային հանգրվան ներկայացնելը խիստ չափազանցված է ու մոլորեցնող: Հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ կնքելը դարձել է օրինաչափություն ներկայիս վարչախմբի համար, որը հետևողականորեն անտեսում է Հայաստանի ժողովրդին՝ գոյաբանական կարևորության որոշումներ կայացնելիս։ Այսպես կոչված TRIPP (Trump Route for International Peace and Prosperity - Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ճանապարհ) նախաձեռնությունը պարունակում է դրույթներ, որոնք լրջորեն վտանգում են Հայաստանի ռազմավարական ինքնուրույնությունը՝ կենսական ենթակառուցվածքները և տարանցիկ ճանապարհները դնելով օտարերկրյա դերակատարների ազդեցության տակ։ Չնայած այն պնդումներին, որ ներդրվելիք ընթացակարգերը գործելու են Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո, հիմնավոր մտահոգություններ են առաջանում տարածքային ամբողջականության և պետության երկարաժամկետ կենսունակության վերաբերյալ։ Նույնքան խաբուսիկ է նաև այն պնդումը, որ վերացվում է Հայաստանի շրջափակումը։ Փոխանակ փոխադարձ և ինքնիշխան մուտք ապահովելու, ստորագրված փաստաթուղթն ինստիտուցիոնալացնում է ասիմետրիկ երթուղիները և «միջանցքային տրամաբանությունը», որոնք նպաստում են Ադրբեջանի շահերին, բայց զուգահեռաբար ու համաչափորեն խորացնում են Հայաստանի տնտեսական և անվտանգային խոցելիությունը։ Ավելին, այս գործարքը սպառնում է ոչ միայն Հայաստանի, այլև այն հիմնական տարածաշրջանային տերությունների շահերին, որոնք արդեն իսկ արտահայտել են իրենց վերապահումները։ Այս պայմանավորվածությունը վտանգում է ստեղծել նոր աշխարհաքաղաքական բաժանարար գծեր և կարող է առաջիկայում հանգեցնել նոր առճակատման ու բախման։ Ռազմավարական ենթակառուցվածքների հարկադիր համաձայնեցումն առանց տարածաշրջանային կոնսենսուսի խաթարում է Հարավային Կովկասում ուժերի նուրբ հավասարակշռությունը և վտանգում է ավելի լայն տարածաշրջանային անվտանգությունը։ Հատկապես հատկանշական է, որ գործարքից հետո Հայաստանի կառավարությունը մոբիլիզացրել է իր ամբողջ քարոզչական ապարատը՝ հանրությանը մոլորեցնելու և համաձայնագրի իրական բնույթը թաքցնելու համար։ Հաշվարկված այս ապատեղեկատվության արշավը բացահայտում է գործարքի կործանարար հետևանքների վերաբերյալ իշխանությունների գիտակցումը: Եթե համաձայնագիրը իսկապես բխեր ազգային շահերից, ապա ժողովրդի կողմից այն ընդունելու համար մանիպուլյացիաների կարիք չէր լինի։ Միևնույն ժամանակ, միջազգային ծափահարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության հաստատման կապակցությամբ վտանգավոր կերպով անտեսում են այն հարկադրանքի պայմանները, որոնց ներքո ձեռք է բերվել համաձայնագիրը՝ շարունակական սպառնալիքների, օկուպացիայի և Արցախի հայ բնակչության իրավունքների կոպտագույն խախտման ֆոնին։ Իրական խաղաղությունը չի կարող պարտադրվել արտաքին ճնշման և հաստատվել անարդարության միջոցով»,–ասվում է հայտարարության մեջ։ Դիվանագիտների համահայկական խորհուրդը զգուշացնում է, որ այս գործարքը կարող է ճանապարհ հարթել ոչ թե խաղաղության համար, այլ խթանել մշտական անկայունությունն և Հայաստանի ինքնիշխանության շարունակական քայքայումը: «Մենք խորապես համոզված ենք, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլոր ներգրավված կողմերը՝ տեղական և տարածաշրջանային, իրական շահագրգռվածություն ունեն պատվավոր, ներառական և արդարացի լուծման հարցում։ Ցանկացած խաղաղություն, որը կառուցված է բացառման, հարկադրանքի կամ խաբեության վրա, դատապարտված է ձախողման։ Հազարամյա հայրենիքի մի մասի կորստի, հարյուր հազարավոր հայերի հայրենազրկման, հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման, հայ ժողովրդի առաջնորդներին պատանդ պահելու, Հայաստանին շարունակաբար ապօրինի պահանջներ ներկայացնելու փաստերը մոռացության մատնող և ապագայում դրանք բարձրաձայնելու իրավունքից հրաժարվող իշխանությունների կողմից որևէ համաձայնություն որպես նվաճում մատուցելը երեսպաշտություն է և վիրավորական է մեր ժողովրդի համար: Մենք կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին, Սփյուռքին և միջազգային հանրությանը չտրվել վտանգավոր պատրանքներին և ճիշտ գնահատել Հայաստանի շուրջ ձևավորվող վերահաս մարտահրավերները»,–ասվում է հայտարարության մեջ։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |