ԱԳՆ–ն չի հստակեցրել՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ԵՄ դիտորդները կմնան ՀՀ–ում, թե ոչ

ԱԳՆ–ն չի հստակեցրել՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից  հետո ԵՄ դիտորդները կմնան ՀՀ–ում, թե ոչ

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարությունից չեն պատասխանում՝ արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ԵՄ դիտորդական առաքելությունը դուրս կբերվի սահմանից, թե` ոչ, տեղեկացնում է Factor.am-ը։

Գերատեսչությունից փոխանցել են, որ ԵՄ մշտական քաղաքացիական առաքելությունը ներկայում շարունակում է բնականոն գործել Հայաստանում։

«Ձեր նշած հարցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարվելու հաջորդ օրը՝ մարտի 14-ին, ԱԺ արտաքին հաաբերությունների մշտական հանձնաժողովում կայացած քննարկման ժամանակ՝ նշելով, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, վավերացվի և մտնի ուժի մեջ, մենք Եվրոպական միության գործընկերների հետ քաղաքացիական առաքելության համագործակցության մասով, ընդունելի, փոխշահավետ լուծումներ կգտնենք»,- պատասխանել են ԱԳՆ-ից։

ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակը նախկինում հայտարարել է, որ առաքելությունը կշարունակի գործել Հայաստանում, իսկ դրա մանդատի հնարավոր փոփոխությունները քննարկվելու են Երևանի և Բրյուսելի միջև։

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի 7-րդ կետով կողմերը պարտավորվել են համատեղ սահմանին որևէ երրորդ երկրի ուժեր չտեղակայել։ Պայմանագրում նաև նշվում է, որ սահմանազատումից և հետագա սահմանագծումից առաջ կողմերը կանցկացնեն համաձայնեցված քայլեր՝ ուղղված անվտանգության ապահովմանը և վստահության ամրապնդմանը՝ հատկապես ռազմական ոլորտում։

Ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման վերաբերյալ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է հետևողականորեն ուժեղացնել պետական սահմանների պահպանման ինստիտուցիոնալ կարողությունները։

Նախարարությունը հավելել է նաև, որ ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանների երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը կարգավորվում է ՀՀ-ի և Ռուսաստանի միջև 1992 թվականին կնքված պայմանագրով, որը սահմանում է Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեության պայմանները։

ԵՄ քաղաքացիական դիտորդները Հայաստան են ժամանել 2023 թվականի փետրվարի 20-ին։ 2024 թվականի հունվարին ընդունվել է որոշում, համաձայն որի դիտորդական առաքելությունն ընդլայնվել է ևս երկու տարով, ինչը նշանակում է՝ այն կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Բաքուն բազմիցս քննադատության է ենթարկել ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում՝ մեղադրելով այն «լրտեսության» և «հեռադիտակային դիվանագիտության» մեջ։ Այս բոլոր մեղադրանքները ԵՄ առաքելությունն ամբողջությամբ հերքել է։

Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆադեևը հայտարարել էր, որ Սյունիքի մարզով նախատեսվող հաղորդակցությունները ապաշրջափակելու հարցում «պետք է հաշվի նստել ռուս սահմանապահների ներկայության հետ»։

 Ուշագրավ
---