Հրայր սարկավագ Հակոբյանը կշարունակի մնալ ազատության մեջ

Հրայր սարկավագ Հակոբյանը կշարունակի մնալ ազատության մեջ

PanARMENIAN.Net - «Հեղաշրջման գործով» անցնող Հրայր սարկավագ Հակոբյանը մնալու է ազատության մեջ։ Առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը մասնակիորեն բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը՝ ուժի մեջ թողնելով միայն բացակայելու արգելքը և վերացնելով վարչական հսկողությունը։

Հակոբյանն անակնկալի է եկել միջնորդությունից՝ նշելով, որ սպասում էին այլ որոշման, մասնավորապես՝ կալանքի կիրառման առաջարկի։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ առհասարակ խափանման որևէ միջոց անհրաժեշտ չէր, գրում է Sputnik Արմենիան։

Հրայր սարկավագը 2024 թվականի հունիսի 26-ին կալանավորվել էր երկու ամսով։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը փոխել էր խափանման միջոցը՝ սահմանելով բացակայելու արգելք և վարչական հսկողություն։

Նրա կալանավորումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքում հրապարակել էր սղագրություն, որտեղ, ըստ մեղադրանքի, Հակոբյանը խոսում էր վարչապետի և ԱԺ ղեկավարների դեմ հնարավոր բռնարարքների մասին։ Հակոբյանը իր հերթին պնդել էր, որ խոսակցությունը կտրված է ընդհանուր բովանդակությունից։

«Հեղաշրջման պլանի» գործով ներկայումս կալանքի տակ է 17 մարդ, այդ թվում՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ շարժման անդամները պլանավորել են ահաբեկչական գործողություններ և իշխանության զավթում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---