ՍԴ-ն վարույթ է ընդունել ՀԷՑ-ին առնչվող ընդդիմադիրների դիմումը![]() 17 սեպտեմբերի 2025 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանն ավելի քան երկու ամիս անց, ի վերջո, քննության է ընդունել ընդդիմադիր պատգամավորների դիմումը, որով վիճարկվում է ՀԷՑ–ի վերաբերյալ հրատապ ռեժիմով ընդունված օրենքների համապատասխանությունը Սահմանադրությանը։ Ըստ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, դիմումը ընդունվել է ընթացակարգային խախտումներով՝ հակառակ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին ու դատարանի ներքին կարգերին, որոնք պարտադրում են որոշում կայացնել 30-օրյա ժամկետում, հայտնում է «Ազատությունը»։ Չնայած այդ պահանջին, ՍԴ-ն համապատասխան որոշումը չի հրապարակել։ Դատավոր Սեդա Սաֆարյանն ասել է. «Ոչ մի ժամկետ չի խախտվել, բոլորը օրինական, օրենքով, Սահմանադրական դատարանի մասին օրենսդրության տառին համահունչ, նորմերին համահունչ, էդ դիմումի քննարկումը ընթացել է և էսօր քննության է ընդունվել: Մեր կայքում կդնենք՝ կնայեք»։ Վիճարկվող օրենքներն ընդունվել են խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության նախաձեռնությամբ։ Դիմումը ՍԴ է ներկայացվել հուլիսի 11-ին, և 30-օրյա ժամկետը լրացել է օգոստոսի 10-ին։ Դրանից անցել է գրեթե մեկ ամիս, երբ Արծվիկ Մինասյանը պաշտոնապես գրությամբ հարցրել է՝ արդյոք դիմման քննության ժամկետներում որևէ փոփոխություն եղե՞լ է։ Պատասխան չի ստացել։ Ընդդիմությունը պնդում է, որ այս ընթացքում ՍԴ-ի անգործության հետևանքով գործադիր իշխանության կողմից նշանակված ՀԷՑ-ի նոր ժամանակավոր կառավարիչը սկսել է կադրային և ֆինանսական առանցքային որոշումներ կայացնել։ Մինասյանը այս գործընթացն անվանել է դիտավորություն՝ նշելով. «Քանի դեռ որևէ բացատրություն չկա տրված, իսկ օրենքով և աշխատակարգով սահմանված ժամկետները արդեն անցել են, ես կարող եմ ողջամտորեն ենթադրել, որ Սահմանադրական դատարանի դատավորները իրենց անգործությամբ կամ հանցավոր անփութությամբ կամ կանխամտածված, դիտավորյալ գործողություններով ձախողում են սահմանադրական նորմի ի կատար ածումը»։ Բացի այդ, ընդդիմադիրները Բարձր դատարանին միջնորդել են ժամանակավոր կասեցնել վիճարկվող օրենքների գործողությունը՝ մինչև վերջնական որոշման կայացումը։ Նման մոտեցում է ցուցաբերել նաև միջազգային արբիտրաժային դատարանը՝ կայացնելով համապատասխան որոշում, որը, սակայն, գործադիր իշխանությունը հրաժարվել է կատարել։ «Մենք կիրառել ենք մեր օրենքը, որը գործում է», – արձագանքել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Մինչ գործադիրն անտեսում է միջազգային դատարանի որոշումը, իսկ ներքին դատական համակարգում գործի լիարժեք քննություն դեռ չի մեկնարկել, հեղինակավոր վարկանիշային գործակալություն Moody's-ը նվազեցրել է ՀԷՑ-ի վարկանիշը՝ վերանայելով ընկերության ֆինանսական հեռանկարը «կայուն»-ից՝ «բացասականի»։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր մեկնաբանությունում նշել է. «Լիահույս եմ, որ հարցը, ինչ վերաբերում է էն անորոշությունների հետ, որը կապված է ՀԷՑ-ի հետ, արագ լուծում կստանա, որի արդյունքում մեր ռեյտինգի նվազեցումը կլինի ու կկրի կարճաժամկետ բնույթ, ուստի չեմ կարծում, որ ինքը ինչ-որ երկարաժամկետ ազդեցություններ պետք է ունենա, առավել ևս ֆինանսական կայունության վրա»։ Չնայած Գալստյանի հույսերին, վարկանիշային գործակալության փորձագետներն արձանագրել են, որ ՀԷՑ-ի վարկանիշի վերականգնումը 12-18 ամիսների կտրվածքով քիչ հավանական է՝ հաշվի առնելով Կառավարության վերջին քայլերը։ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։ ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |