Փոխվարչապետ․ Աջակցում ենք Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-ՀՀ երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների նախագծին![]() 19 սեպտեմբերի 2025 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Երևանն աջակցում է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-ՀՀ երթուղով մուլտիմոդալ բեռնափոխադրումների նախագծին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում, որն անցկացվել է հեռավար ձևաչափով։ Նիստին մասնակցել է նաև Ղազախստանի փոխվարչապետ, ազգային էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։ Քննարկման արդյունքներով երկու կողմերի փոխվարչապետները ստորագրել են արձանագրություն, որում ամրագրվել են համագործակցության հիմնական ուղղությունները՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի, առողջապահության և կրթության ոլորտներում։ Գրիգորյանն իր ելույթում շեշտել է Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում, և նշել է առևտրատնտեսական ոլորտում չօգտագործված ներուժի գոյությունը։ Նա ընդգծել է, որ արդեն իսկ գործում է բեռնափոխադրումների երթուղի Չինաստան–Ղազախստան–Ուզբեկստան–Թուրքմենստան–Իրան–Հայաստան ուղղությամբ, ինչը վկայում է տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ «Ես կարծում եմ, որ այս բեռնափոխադրումները կարող են կրել կանոնավոր բնույթ, հատկապես հաշվի առնելով հայ ձեռնարկատերերի պոտենցիալ հետաքրքրությունը ղազախա-չինական սահմանին գտնվող «Խորգոս» միջսահմանային համագործակցության միջազգային կենտրոնի հնարավորությունների նկատմամբ»,– նշել է փոխվարչապետը։ Նա հավելել է, որ միջտարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար՝ «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի իրագործման համատեքստում։ Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն ամրապնդել իրենց գործընկերությունը՝ հիմնվելով փոխադարձ վստահության, հարգանքի և բարեկամական կապերի վրա։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |