ԵՄ-ն ավելի քան 200 մլն եվրո կհատկացնի ՀՀ–ին՝ «Դիմակայունության և աճի» ծրագրով![]() 19 սեպտեմբերի 2025 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտադիր է Հայաստանին հատկացնել ավելի քան 200 միլիոն եվրո՝ «Դիմակայունության և աճի ծրագրի» երկրորդ փուլի շրջանակում։ Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ Երևանում մամուլի համար հայտարարության ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։ «Ինձ համար շատ մեծ պատիվ է հայտարարել, որ մենք Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն ենք հատկացնում. ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կխթանի կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին: Սա նաև վկայում է ձեր հստակ հանձնառության մասին՝ կարևոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն»,-նշել է Կոսը։ Նրա խոսքերով՝ Եվրամիությունը պատրաստ է ՀՀ-ին աջակցել մի շարք ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտ, թվայնացում, առևտուր, էներգետիկա և ենթակառուցվածքային ծրագրեր՝ համահունչ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Կոսը նաև ընդգծել է, որ խաղաղության հաստատման գործընթացում ներդրումների իրականացումը ԵՄ առաջնահերթություններից մեկն է։ «Երբ խոսում ենք տնտեսական զարգացումներից և հարաբերություններից, հաճախ մոռանում ենք, թե որքան կարևոր է ապրել խաղաղության պայմաններում։ Եվրոպան հիմնված է խաղաղության վրա և խաղաղության գործընկերն է։ Հարավային Կովկասը և Հայաստանը շատ կարևոր մաս են այն փոփոխությունների, որոնք փոխելու են իրավիճակը Եվրոպայում և տարածաշրջանում»,- ընդգծել է նա։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականից սկսած՝ արդեն մոբիլիզացվել է ավելի քան 2.5 միլիարդ եվրո ներդրում՝ ուղղված Հայաստանին։ Բացի այդ, Կոսը հայտնել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ստորագրված համաձայնագրի մասին, որի նպատակն է բարելավել մաքսային գործառույթները, ինչպես նաև աջակցել տեղահանվածներին և նրանց ընդունած համայնքներին։ Հանձնակատարը նշել է նաև, որ ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում միջազգային ու միջտարածաշրջանային կապի օրակարգի մշակման ուղղությամբ՝ միավորելով Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ այդ թվում նաև Հարավային Կովկասի և մասնավորապես Հայաստանի միջոցով։ Կոսը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև` Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Այցի ընթացքում հանձնակատարը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ երկու ծրագրերի ստորագրման արարողությանը, կայցելի «ԵՄ-ն` Սևանի համար» կենսաբազմազանության ծրագրի իրականացման վայրը և շրջայց կկատարի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |