ԼՂՀ ԱԳՆ. Հանրապետությունը վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն

PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ փոխնախարար Վարդան Բարսեղյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը:



Հյուրերի խնդրանքով Վարդան Բարսեղյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին գերատեսչության ստեղծման պատմությունը եւ գործունեության ուղղությունները` կանգ առնելով նաեւ արտերկրում հանրապետության մշտական ներկայացուցիչների աշխատանքին:



Վարդան Բարսեղյանը նշել է, որ վարելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ ձգտելով հասնել միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպատակ է հետապնդում բարի դրացիական եւ բարեկաման հարաբերությւոններ հաստատել իր միջազգային գործընկերների, երկրների, կազմակերպությունների եւ մասնավոր անձնանց հետ:



Իր հերթին բարոնուհի Քոքսը հայտնել է, որ ամեն այցի ժամանակ նա ձգտում է նոր մարդկանց բերել իր հետ` այդպիսով ընդարձակելով ԼՂՀ բարեկամների շրջանակը` այն հույսով, որ նրանք կդառնան Արցախի «դեսպանները» եւ կաջակցեն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը:



Հանդիպման ավարտին հյուրերին հանձնվեցին ԼՂՀ ԱԳՆ կողմից պատրաստած «Ոճրագործություններ առանց պատժի» խտասկավառակներ, որոնք ներկայացնում են Արցախի ազգային ազատագրական շարժմանը ներկայիս փուլի տարիներին հայ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ոճրագործությունները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---