Քաղաքագետ․ ՀՀ ռազմական բյուջեի կրճատումը, Ադրբեջանի բյուջեի ավելացման և Թրամփի խոսքերի ֆոնին, մտահոգիչ է![]() 3 հոկտեմբերի 2025 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Սուրեն Սարգսյանըֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից ռազմական բյուջեի կրճատումը, հատկապես Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման ֆոնին, մեղմ ասած մտահոգիչ է: «Ակնհայտ է, որ սա արվում է ոչ թե ելնելով անհրաժեշտությունից և ռազմավարական հաշվարկներից, այլ «խաղաղության օրակարգը» հրամցնելու համար՝ ինչպես ներսի, այնպես էլ դրսի լսարանի համար»,–գրել է նա։ Սարգսյանը հավելել է, որ սա տեղի է ունենում գլոբալ և տարածաշրջանային ցնցումների ժամանակաշրջանում, «երբ աշխարհը այլ ճանապարհով է գնում»։ Նա ընդգծել է, որ համաշխարհային մակարդակով ձևավորվում է նոր ռազմական տրամաբանություն, որի արտահայտությունն է նաև ԱՄՆ-ի պաշտպանական քաղաքականության փոփոխությունը։ «Օրինակ ԱՄՆ-ն ամբողջապես փոխում է իր ռազմական տրամաբանությունը: «Պաշտպանության դեպարտամենտի» անվանափոխումը «Պատերազմի դեպարտամենտի» զուտ տեխնիկական փոփոխություն չէ. սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն վերանայում է իր մոտեցումը աշխարհում տիրող իրավիճակին՝ գնահատելով ապագայի զարգացումներն ու մարտահրավերները: ԱՄՆ Պատերազմի քարտուղարը օրեր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է պատերազմի և առաջ է մղելու «Խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքը: Հեգսեթը բառացիորեն նշեց, որ Պատերազմի դեպարտամենտի միակ առաքելությունը պատերազմ վարելն է լինելու: Իր հերթին, Թրամփը հայտարարեց, որ 2026թ. նախատեսում է ռազմական կարիքների համար տրամադրել 1 տրիլիոն դոլար, ինչը աննախադեպ մեծ բյուջե է: Այս ամենի ֆոնին Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման»,-գրել է նա։ Հայաստանի պաշտպանության նախարարության բյուջեն 2026–ին կազմելու է 563.1 միլիարդ դրամ։ 2026-ի պետական բյուջեի նախագիծը հաստատվել է սեպտեմբերի 25-ին կայացած կառավարության նիստում։ 2025-ին պաշտպանության ոլորտի բյուջեն եղել է 664.6 միլիարդ դրամ, այսինքն՝ հաջորդ տարվա համար նախատեսվում է 101.5 միլիարդ դրամով պակաս ֆինանսավորում: Ի հակադրություն՝ Ադրբեջանը ընդլայնում է իր ռազմական ծախսերը։ Բաքուն 2026 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացնի 5 միլիարդ 120 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 90 միլիոն դոլարով գերազանցում է 2025 թվականի բյուջեն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |