Ավագանու խմբակցություն․ Վարչապետը պետք է գիտակցի՝ ինքը գյումրեցիների կողմից մերժված ուժի առաջնորդն է![]() 3 հոկտեմբերի 2025 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կոմունիստական կուսակցության Գյումրու ավագանու խմբակցությունը տարածել է հայտարարություն՝ քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 1-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցեին հնչեցրած խոսքերը։ «2025թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Գյումրի քաղաքի քաղաքապետի հասցեին երկրի վարչապետի կողմից հնչեցրած սպառնալիքները, «քաղաքական գործիքներով» քաղաքական հետապնդումը թեժացնելու խոսույթը՝ ուղիղ հանձնարարական էր իրավապահ մարմիններին՝ քաղաքական հաշվեհարդար սկսելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ: Արձանագրենք, որ երկրի վարչապետի՝ Գյումրու քաղաքապետի դեմ ռեպրեսիաների նոր ալիքը կապվում է Վարդան Ղուկասյանի արտահայտած քաղաքական դիրքորոշման՝ Հայաստանի և Ռուսաստանի, ոչ թե ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերի խորացման հետ: Հարկ է նշել, որ որպես քաղաքական գործիչ, Վարդան Ղուկասյանն արտահայտել է իր կարծիքը՝ հիմնավորելով այն պատմական փաստերով և մարտահրավերներով: Ուստի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի բարձր ամբիոնից Գյումրու ընտրված ընդդիմադիր քաղաքապետին ուղղված հրապարակային սպառնալիքը՝ խոսքի, մտքի ազատությունը, այլախոհներին բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունի: ՀՀ վարչապետը պետք է գիտակցի, որ ինքը Գյումրու ՏԻՄ ընտրություններում գյումրեցիների կողմից մերժված, ջախջախված ուժի առաջնորդն է»,–ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ ընտրությունների արդյունքները որևէ մեկի, այդ թվում՝ որևէ պետական մարմնի կողմից չեն վիճարկվել և չէին կարող վիճարկվել: «Մենք դատապարտում ենք Գյումրու քաղաքապետին թիրախավորելու պետական պատվերները, որն իրականացվում է ձախողված, վատահամբավ, արատավոր հակումներ ունեցող ինչ-որ պատգամավորների կողմից: Հանգի՛ստ թողեք Գյումրին, զբաղվեք ձեր աշխատանքով և ընդունեք իրականությունը»,–ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել էր, թե «պետք է դուրս շպրտվի» արատահայտությանը չի պատասխանի, միայն կասի՝ «տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»։ Հոկտեմբերի 1–ին ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամին Փաշինյանը հայտարարել է. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի համայնքային բրուշատկաներ գողացողի հայրը այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |