Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Դոլմազյանին![]() 14 հոկտեմբերի 2025 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին: Այդ մասին ասվում է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ։ Փաստաբանական թիմը նշել է, որ այս տեղեկությունը ստացել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանից հոկտեմբերի 13–ի աշխատանքային օրվա ավարտին։ «Քննիչի կողմից այն ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 11-ին, և այսքան տևական ժամանակ պահանջվեց մակագրման «թեկնածու» գտնելու համար: Դատավորը, ում մակագրվել է այս ակնհայտ անհիմն միջնորդությունը, հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով, բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող Դատավոր: Առավել ուշագրավ է այն, որ Դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել՝ 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով: Ի դեպ, հրատապության հարցը սույն դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18-ին: Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է. իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննախադեպ»,– ասված է հայտարարության մեջ: Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 14–ին, ժամը 18:00–ին։ Այս մասին տեսաուղերձով տեղեկացրել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Եթե Սամվել Կարապետյանին ազատ չարձակեն, շաբաթվա ավարտին կունենանք մեծ հանրահավաք Ազատության հրապարակում»,–ասել է նա։ Հունիսի 17-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի բնակարանում, այն բանից հետո, երբ նա հրապարակավ իր աջակցությունն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն։ Այդ ելույթում Կարապետյանը շեշտել է, թե որոշ խմբավորումներ, անտեսելով հայ ժողովրդի և եկեղեցու բազմադարյա ժառանգությունը, թիրախավորել են հայկական եկեղեցին։ Հաջորդ օրը՝ հունիսի 18-ին, նա կալանավորվել է 2 ամսով։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը որոշում է կայացրել կրկին 2 ամսով երկարաձգել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Ըստ հայտնի տվյալների՝ գործարարի դեմ առաջադրվել են երկու մեղադրանք՝ պետական իշխանության յուրացման հրապարակային կոչ և փողերի լվացում։ Հոկտեմբերի 13-ին նրան ներկայացվել է նաև նոր՝ տնտեսական բնույթի լրացուցիչ մեղադրանք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |