Երևանի բյուջեում պակասուրդ է գրանցվել փոխադրավարձի թերհավաքագրման պատճառով

Երևանի բյուջեում պակասուրդ է գրանցվել փոխադրավարձի թերհավաքագրման պատճառով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը հայտարարել է, որ բյուջեում պակասուրդ է գրանցվել, որի հիմնական պատճառը փոխադրավարձի թերհավաքագրումն է։

«Հունվար-սեպտեմբեր ամիսների համար պլանավորված շուրջ 65 միլիարդ դրամի սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է շուրջ 61 միլիարդը։ Կատարողական՝ 94,3 տոկոս, թերակատարում՝ 3,7 միլիարդ դրամ գումար»,-ասել է նա, հայտնում է Aravot.am-ը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ելույթում բարձրաձայնել է ընդհանուր ֆինանսավորման հարցերը։ Նա մտահոգություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ մինչ քաղաքային ծախսերը շարունակաբար աճում են, համայնքի ֆինանսավորումը տարեցտարի նվազում է։

Դիմելով վարչական շրջանների ղեկավարներին՝ ասել է. «Մարդա քանի՞ հայտ եք ստանում կոյուղու վթարների հետ կապված։ Ինչքա՞ն չխոսենք։ 300 միլիոն էս տարի դրել ենք հրատապ կարգով խնդիրներ լուծելու համար, բայց եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք, հերիք եղավ։ Նույն Մետրոպոլիտենի հարցը․ Մետրոպոլիտենի սուբսիդավորման համար Երևանի քաղաքապետարանը պլանավորել է հաջորդ տարի 3.9 միլիարդ դրամ։ Այն պետական գույք է, չէ՞, բայց մենք սուբսիդավորում ենք 3.9 միլիարդ դրամով։ Ընդհանուր միտում կա մեր ծախսային ուղղություններով մեզ ծանրաբեռնելու և չգիտեմ՝ անկեղծ եմ ասում՝ մեկ-մեկ չեմ հասկանում ի՞նչ տրամաբանությամբ ու ինչի՞ հաշվին։ Ստացվում է համայնքի սուբսիդավորման չափերը նվազում են, իսկ մեր ծախսերն ավելանում։

Մի կողմից ոնց որ լավ ենք աշխատում, մեր եկամուտներն ավելացնում ենք, հետո ստացվում է՝ գիտեք՝ էն, որ ձերը չէ կոմունալը, դա էլ դուք արեք, մետրոյի փողը նվազեցնենք, դուք էդ էլ դրեք։ Է հետո՞․ մենք մեջտեղից ճղվե՞նք։ Մի լեգենդ կար, որ Երևանին ամենաշատ փողն են տալիս․ ծիծաղելի թվեր են։ Տվյալները նայում ես, հասկանում ես, որ նորմալ է՝ այսքան խնդիր ունենք։ Մենք ամեն անգամ եկամուտներն ավելացնում ենք, մյուս կողմից տարեցտարի նվազեցնում է ֆինանսավորումը»։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---