Սիմոնյան․ Թող Ադրբեջանի նախագահն էլ գա ՀՀ, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ

Սիմոնյան․ Թող Ադրբեջանի նախագահն էլ գա ՀՀ, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Ժնևում Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ իր հանդիպումը՝ այն համարելով ջերմ և կառուցողական։ Այդ մասին նա ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կգա՞ Հայաստան, Սիմոնյանը պատասխանել է, որ ոչինչ չի բացառում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Միջազգային ֆորմատների շրջանակում թող Ադրբեջանի նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ: Իրենք էլ կգան. կան հարցեր, որոնք պետք է քննարկենք մինչև այդ պահը` անվտանգության հարցերը, մեր պահվող անձանց հարցը։ Մեզ համար մի քիչ դժվար է գնալ այնտեղ. ոնց գնաս այնտեղ, քանի որ հասկանալի է, որ այնտեղ պահվող անձինք կան»,– հայտարարել է նա։

«Հանդիպումը շատ դրական եմ համարում, շատ շնորհակալ եմ այդ հանդիպման համար կազմակերպչին։ Մեր երկու երկրների խորհրդարանները պատրաստակամություն հայտնեցին, որ պետք է կարողանան պատրաստել իրենց հանրություններին մերձեցնելու նրանց, զարգացնելու խաղաղության մեջ ապրելու և իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը։ Իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը ևս կար։ Շատ ջերմ հանդիպում է եղել, պայմանավորվել ենք` երկու կողմից կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկենք ու առաջարկենք»,– հայտարարել է Սիմոնյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնևում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հնարավոր ուղիները և դրական են գնահատել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։

 Ուշագրավ
---