Փաշինյան․ Ադրբեջանի հետ խաղաղությունը պատմական փոփոխություն է ոչ միայն երկրների, այլև տարածաշրջանի համար![]() 30 հոկտեմբերի 2025 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն, որը պատմական փոփոխություն է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ընդհանուր տարածաշրջանի համար։ «Ունենք խաղաղություն, և դա իրականություն է։ Սա պատմական փոփոխություն է ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում Ադրբեջանի հետ, այլ նաև մեր տարածաշրջանի համար ընդհանուր առմամբ։ Որովհետև կարծում եմ առաջին անգամն է, որ մենք ունենք իրական հնարավորություն Հարավային Կովկասում մտնելու տնտեսական համագործակցության փուլ, և ունենալ ոչ միայն խաղաղ, բայց նաև բարգավաճ տարածաշրջան։ Մասնավորապես, հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնում ընդունված հռչակագրով մենք պայմանավորվածության ենք եկել բացելու տարածաշրջանային կապերը՝ հիմված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և երկկողմանիության սկզբունքների վրա։ Կա նաև մեկ այլ սկզբունք՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը»,- ընդգծել է երկրի ղեկավարը: Հաջորդիվ՝ վարչապետն անդրադարձել է TRIPP նախագծին և կարևորել դրա իրականացումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ «Տարածաշրջանային կապվածությունը նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք, ես նկատի ունեմ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, օգտվել մեկս մյուսի տարածքից ներքին, երկկողմ և միջազգային կապի համար, և դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար։ Հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, բայց նաև մեր տարածաշրջանի համար»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը` ավելացնելով, որ կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև, Հայաստանի համար կստեղծվեն նոր հնարավորություններ։ Խոսելով Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն մեծ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն է, որը կարևոր է խաղաղության գործընթացի, ինչպես նաև հետագա բարեկեցության և կայունության համար։ «Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին և խաղաղության գործընթացին»,- նշել է վարչապետը։ Այնուհետև, վարչապետն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին` հույս հայտնելով, որ այդ ուղղությամբ ևս առաջիկայում դրական զարգացումներ տեղի կունենան: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |