Թորոսյան․ Անապահովության համակարգերը պետք է մարդկանց հանեն այդ վիճակից, ոչ թե այնտեղ պահեն![]() 30 հոկտեմբերի 2025 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ներկայացրել է սոցիալական աջակցության պիլոտային ծրագրերի ընթացքը և կարևորել է համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ նշելով, որ պետության նպատակը պետք է լինի մարդկանց սոցիալական կախվածությունից դուրս բերելն, այլ ոչ թե այդ վիճակը պահպանելը։ «Անապահով սոցիալական խմբերի աջակցության ծրագիրը գործում է Սյունիքի և Կոտայքի մարզերում։ Այն մեկնարկել է գարնանը և այժմ շարունակվում է։ Պիլոտային ծրագրի ամբողջ իմաստն այն է, որ դրա իրականացման ընթացքում վեր հանենք խնդիրները, որպեսզի ամբողջական տարածման ժամանակ դրանք արդեն լուծված լինեն»,-նշել է նախարարը, հայտնել է Արմենպրեսը։ Նրա խոսքով՝ ծրագրի ընթացքում ի հայտ են գալիս տեխնիկական և իրավական խնդիրներ, որոնք կապված են քաղաքացիների եկամուտների հաշվարկի և սոցիալական չափորոշիչների հստակեցման հետ։ «Կան դեպքեր, երբ մարդու եկամուտը բարձր է համարվում, բայց իրականում այդքան էլ չէ։ Այդ պատճառով այժմ կվարանեմ ասել, թե ծրագիրը երբ կթողարկենք ամբողջ երկրի տարածքով։ Պետք է համոզվենք, որ ավելի չենք վնասի, քան կօգնենք»,-ընդգծել է Թորոսյանը։ Նախարարը շեշտել է, որ նախկինում գործող համակարգերը հաճախ խեղաթյուրել են նպատակը՝ խրախուսելով չաշխատել կամ թաքցնել իրական եկամուտները։ «Ցավոք, մենք ունեցել ենք հակառակ պատկերը․ անապահովության համակարգը մարդկանց դրդել է չունենալ ֆորմալ աշխատանք, որովհետև կզրկվեն նպաստից կամ բժշկական ապահովագրությունից։ Շատերը նույնիսկ խաբել են պետությանը՝ թաքցնելով իրենց եկամուտներն ու գույքը։ Սա ամենացավոտ խնդիրներից մեկն է, բայց մենք վճռական ենք այն բարեփոխելու»,-ասել է նախարարը։ Թորոսյանը հավելել է, որ սոցիալական քաղաքականության հիմքում պետք է լինի աշխատանքն ու արժանապատվությունը։ «Բարեկեցություն և արժանապատիվ կյանք հնարավոր է միայն աշխատանքի շնորհիվ։ Եթե մարդը աշխատունակ է՝ պետք է աշխատի, իսկ եթե ոչ՝ պետությունը պետք է հոգ տանի նրա մասին՝ արժանապատվորեն»,-եզրափակել է նախարարը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |