Գրոնոն Բաքվում պաշտոնյաների հետ քննարկել է հայ–ադրբեջանական խաղաղության օրակարգը![]() 6 նոյեմբերի 2025 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Բաքվում մի շարք պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկել է հայ–ադրբեջանական խաղաղության օրակարգը, հայտնում է APA-ն։ Նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության ոլորտի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևի, նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «ԵՄ անկեղծորեն նվիրված է համագործակցությանը Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Վաշինգտոնյան հանդիպումից հետո դինամիկան պահպանելու և ապահովելու համար, որ խաղաղության արդյունքները տարածվեն ամբողջ տարածաշրջանի վրա»,–ասել է նա։ ԵՄ երկայացուցչի խոսքով, բանակցությունների առանցքային թեման եղել է Նախիջևանը՝ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում կապերի, տարածաշրջանային համագործակցության և համանման մարդասիրական հարցերի վերաբերյալ։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |