Թբիլիսիում հուշատախտակ է տեղադրվել Երվանդ Քոչարի ապրած հասցեում![]() 19 նոյեմբերի 2025 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Հայ անվանի քանդակագործ, գեղանկարիչ Երևանդ Քոչարի 125-ամյակի առթիվ նրա նախկին բնակության վայրում՝ Թբիլիսիի Պուշկին փողոց 13 հասցեում, բացվել է հուշատախտակ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ Քոչարն այդ շենքում ապրել է 1899-ից մինչև 1922 թվականը։ Հուշատախտակի բացմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Քոչարի թոռնուհին՝ Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդի մի շարք անդամներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Ալֆրեդ Քոչարյանը՝ ընդգծելով այս վայրի կարևորությունը։ «Թբիլիսին երկար տարիներ եղել է հայկական արվեստի և մշակույթի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող քաղաք: Քոչարի ստեղծագործական եզակիության արմատները պետք է փնտրել երկու եղբայրական ժողովուրդների համակեցության, ինչպես նաև մեկը մյուսի մշակույթի նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի արդյունքում ձևավորված միջավայրում: Այս հուշատախտակը դառնում է ևս մեկ նոր կամուրջ Երևանի և Թբիլիսիի, Հայաստանի և Վրաստանի մշակութային երկխոսության միջև։ Մենք այսօր վերահաստատում ենք այդ կապը մեծանուն Քոչարի անունով։ Լիահույս եմ, որ այս վայրը կդառնա լուսավոր կանգառ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են արվեստը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը։ Երվանդ Քոչարի տուն-թանգարանում մինչ օրս պահպանվում է նրա հեղինակած Շոթա Ռուսթավելիի արձանը, ինչպես նաև նրա անձնական նամակագրությունը՝ փոխանակված Լադո Գուդիաշվիլիի, Էլենե Ախվլեդիանիի, Դավիթ Կակաբաձեի և այլ նկարիչների հետ։ Հուշատախտակի տեղադրումը հնարավոր է դարձել ՀՀ արտաքին գործերի նախարարության, Թբիլիսիի քաղաքային իշխանությունների և Վրաստանում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |