Մկրտչյանն ու Շեան քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության խորացման ուղիները

Մկրտչյանն ու Շեան քննարկել են  հայ-ամերիկյան տնտեսական գործակցության խորացման ուղիները

PanARMENIAN.Net - Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Կալիֆորնիայի Համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոն Շեայի, ինչպես նաև գործառնությունների գծով տնօրեն Թեսա Քարթերի հետ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման տարբեր հնարավոր ուղիներ և այդ շրջանակում նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարներ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ներմուծման և արտահանման գործընթացների ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկայում գործունեություն ծավալելու ընթացակարգերին։ Այս համատեքստում կարևորվել է այնպիսի ծրագրերի մշակման անհրաժեշտությունը, որոնք կաջակցեն հայկական ընկերություններին հմտությունների, շուկայավարման կարողությունների կատարելագործման հարցում և կնպաստեն նրանց մրցունակության բարձրացմանը միջազգային շուկայում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցություն իրականացնելու իրենց պատրաստակամությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---