13,268 հա հողատարածք վերադարձվել է պետությանը՝ կառավարության որոշմամբ![]() 27 նոյեմբերի 2025 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում ուժը կորցրած է ճանաչվել 2006 թվականի ապրիլի 6-ին ընդունված N 479-Ա որոշումը, որով պետական հողատարածքներ էին տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով։ Որոշման չեղարկումը հետևել է դատախազական ուսումնասիրություններին և բացահայտված խախտումներին։ Մասնավորապես, Արարատի մարզի դատախազությունը, պետության և համայնքների շահերի պաշտպանության շրջանակում, ուսումնասիրել է մոտ 5330 հեկտար մակերեսով հողատարածքների տրամադրման փաստաթղթերը, հայտնում է Radar Armenia-ն։ Հիմք ընդունելով ուսումնասիրության արդյունքները՝ պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետը, խախտելով իրավական նորմերը, այդ տարածքները 49 տարով տրամադրել է «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը, որը հիմնադրվել է ՀՀԿ-ի անդամի, նախկին նախարարի վարորդի և հենց մարզպետի կողմից՝ շահույթի ստացման նպատակով։ «Կենդանիների աշխարհ» ընկերությանը փոխանցված 5330 հեկտարի՝ շուկայականին մոտ կադաստրային արժեքը կազմել է շուրջ 60 միլիարդ 553 միլիոն դրամ կամ մոտ 158 միլիոն 263 հազար դոլար։ Դատախազությունը 2025 թվականի սեպտեմբերի 19-ին միջնորդագրով դիմել է Կադաստրի կոմիտե՝ պայմանագրի լուծման պետական գրանցման միջոցառումներ ձեռնարկելու համար։ Արդյունքում, այդ օրից սկսած դադարեցվել է նշված հողերի անհատույց օգտագործման իրավունքը։ Սեպտեմբերի 22-ին դատախազը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, ինչի հիման վրա հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ)։ Բացի այդ, պարզվել է, որ 2006 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ նույն որոշման հիման վրա, 49 տարի ժամկետով կնքել է ևս մեկ պայմանագիր՝ Վայոց ձորի Ջերմուկի անտառպետության 4118 հեկտար և Եղեգիսի անտառպետության 3620 հեկտար տարածքների վերաբերյալ։ Սակայն պայմանագիրը կնքվել է առանց նոտարական վավերացման և պետական գրանցման, ինչի արդյունքում իրավական ուժ չունի և համարվում է առոչինչ։ Այսպիսով, համախառն 13,268 հեկտար տարածք՝ ներառյալ 5330 հեկտար Արարատի մարզում և 7738 հեկտար Վայոց ձորի անտառային գոտիներում, դուրս է բերվել մասնավոր ընկերության տիրապետումից։ Հաշվի առնելով վերոնշյալ իրավական զարգացումները՝ կառավարությունը պաշտոնապես չեղարկել է 2006 թվականի ապրիլի 6-ի իր N 479-Ա որոշումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |