Ավանեսյան. Ես չեմ ասել, որ ամեն ինչ, բոլոր ծառայությունները լինելու են անվճար![]() 2 դեկտեմբերի 2025 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանում է ներկայացրել պոտենցիալ շահառուների և սպասվող փոփոխությունների վերաբերյալ։ «Այս աշխարհում ոչ մի ձրի բան չկա, և ես չեմ ասել, որ ամեն ինչ լինելու է անվճար, բոլոր ծառայությունները։ Հակառակը։ Հստակ կերպով ներկայացրել եմ, որ լինելու է ապահովագրական փաթեթ, որը ներառելու է ծառայությունների կոնկրետ շրջանակ։ Մեր կողմից այս սկզբունքն այսպիսին է՝ ներառել բոլորին, բայց անհատի համար ոչ ամեն ինչ»,-ասել է նա՝ արձագանքելով քննադատություններին, գրում է Panorama.am-ը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը, հարց ուղղելով նախագծի հիմնական զեկուցող նախարարին, պահանջել է թվեր հնչեցնել։ «Առաջին հայացքից թվում է՝ շատ մեծ բան եք անում, չնայած ոչ մի թիվ չհնչեցրեցիք։ Ուզում եմ թվեր հնչեցնեք՝ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ քանի 65 և ավելի տարիքի թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից: Ասվում է՝ 0-18 տարեկան, բայց հիմա էլ է օգտվում այդ խումբը, նոր բան չկա, հաշմանդամության կարգ ունեցողներն էլ են օգտվում։ Ասեք՝ ձևավորված գումարների դիմաց ինչպիսի՞ ծառայություններ և բուժօգնություններ են սահմանվում»,–ասել է ընդդիմադիր պատգամավորը։ Ի պատասխան՝ նախարարը ընդգծել է, որ նախաձեռնությունը իրականում մեծ փոփոխություն է ամբողջ առողջապահական համակարգում՝ վերաիմաստավորվել են ֆինանսավորման, ծառայությունների սահմանման, ձեռքբերման և շահառուների ընդգրկման մոտեցումները։ Նա հստակեցրել է, որ Հայաստանում մինչ 18 տարեկան երեխաների թիվը մոտ 700 հազար է։ «Այո, նրանք օգտվում են պետական պատվերից։ Փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակը, փոխհատուցման գները։ Հայաստանում 65-ից բարձր տարիքի ավելի քան 400 հազար քաղաքացի կա։ Ահռելի մեծ թիվ է, 400 հազարից ավելի Հայաստանի քաղաքացի հնարավորություն է ունենալու օգտվել շատ անհրաժեշտ առողջապահական ծախսերից։ Ապահովագրավճարի տարեկան գումարը 129 հազար 600 դրամ է, որն ամսական կազմում է 10 հազար 800 դրամ»,–ասել է նախարարը։ Պատգամավոր Ղազարյանը հակադարձել է, նշելով, որ այդ թվերից արդեն մոտ 80 հազար քաղաքացի հաշմանդամության խումբ ունի և օգտվում է ծառայություններից, 1027-ը ունեն ֆունկցիոնալություն, իսկ 29 հազար 298 մարդ ունեն նպաստ ստանալու համապատասխան շեմ։ «400 հազարից փաստացի 100 հազար մարդ օգտվում է։ Դրա համար եմ ասում՝ թվեր հնչեցրեք»,– նշել է նա։ Ներկայացված օրինագծի համաձայն՝ ապահովագրության առաջին փուլում ընդգրկվելու են մի քանի խումբ քաղաքացիներ՝ մինչև 18 տարեկանները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան քաղաքացիները, որոնք ունեն հաշմանդամության կարգ կամ ֆունկցիոնալության գնահատական, ինչպես նաև սոցիալապես անապահով 28 և ավելի միավոր ունեցող անձինք։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |