«Ռոսատոմի» ղեկավար․ Հայկական ԱԷԿ-ը ԽՍՀՄ–ի լավագույն ատոմային նախագիծն է

«Ռոսատոմի» ղեկավար․ Հայկական ԱԷԿ-ը ԽՍՀՄ–ի լավագույն ատոմային նախագիծն է

PanARMENIAN.Net - «Ռոսատոմ» կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը խոշոր երկրաշարժից հետո կանգուն մնացած Հայկական ԱԷԿ-ն անվանել է ԽՍՀՄ լավագույն ատոմային նախագիծը։ Նա այդ մասին խոսել է «Ատոմ թանգարանում։

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Միխայիլ Միշուստինը, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Տուրչինը, Օլժաս Բեկտենովը, Ադիլբեկ Կասիմալիևը և Կոխիր Ռասուլզոդան, այցելել են Մոսկվայի Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) գտնվող «Ատոմ» թանգարան և ծանոթացել ցուցանմուշներին, հայտնում է Sputnik Արմենիան։

Մասնավորապես Լիխաչովը հիշեցրել է ՋՋԷՌ-440 սեյսմակայուն ռեակտորների հենքով Հայկական ԱԷԿ-ի պատմությունը, որը 1988 թվականին կանգուն էր մնացել Սպիտակի երկրաշարժի ժամանակ և որի աշխատանքը դադարեցվել էր։ Սակայն երկրորդ էներգաբլոկը հետագայում վերականգնվել է և վերագործարկվել։

«Սա պարզապես մեր հպարտությունն է։ Սա Խորհրդային Միության լավագույն ատոմային նախագիծն է, որը մինչ օրս գործում է», – ասել է Լիխաչովը։

Նա նշել է, որ ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման ժամկետը ներկայումս երկարաձգված է մինչև 2026 թվականը։ Միաժամանակ, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել՝ մեկնարկելու կայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթացը։

«Գրեթե յուրաքանչյուր եռամսյակ ես անհանգստացնում եմ ՀՀ վարչապետին և ասում՝ ե՞րբ մոտենանք, մենք պատրաստ ենք լուծել ամեն ինչ», – հավելել է Լիխաչովը։

Նա անդրադարձել է նաև միջուկային էներգետիկայի հեռանկարներին՝ նշելով, որ «Ռոսատոմը» իր գործընկերներին ուղղորդում է դեպի չորրորդ սերնդի ատոմային տեխնոլոգիաներ, որոնք ներառում են ջրային նոր լուծումներ, արագ նեյտրոնային ռեակտորներ և միջուկային վառելիքի փակ ցիկլի մշակում։

«Սա անվտանգության բոլորովին նոր մակարդակ է, սա թափոններից զերծ արտադրություն է, այն հարյուրապատիկ կրճատում է ուրանի պահանջարկը։ Այսպիսով մենք մեզ հազարամյակներով կապահովենք հետախուզված հանքավայրերով», – ընդգծել է Լիխաչովը։

2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն ստորագրել են համաձայնագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու վերաբերյալ։ Հայաստանի գործող ԱԷԿ-ը ներկայումս ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի սպառման շուրջ մեկ երրորդը։ Հայաստանի իշխանությունները միաժամանակ նախատեսում են նոր ատոմային կայանի կառուցում՝ մինչև գործող կայանի շահագործման ավարտը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---