Կոպիրկին. Ռուսաստանը չի կարող հեռանալ Հարավային Կովկասից

Կոպիրկին. Ռուսաստանը չի կարող հեռանալ Հարավային Կովկասից

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ամփոփելով 2025 թվականը և անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին «Աբովյան TIME» հաղորդման շրջանակում, ասել է, որ չնայած ընթացիկ դժվարություններին և արտաքին ճնշումներին, հայ-ռուսական կապերն իրենց հիմքը չեն կորցրել, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը ֆիզիկապես չի կարող հեռանալ Հարավային Կովկասից և պատրաստ է աջակցել կոմունիկացիոն նախագծերին:

Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի ուղուն» (TRIPP), Մոսկվայի դիրքորոշումը բավական հստակ է։ Ամենասկզբից էլ Ռուսաստանը գտնում էր, որ տարածաշրջանի երկրների միջև բոլոր զգայուն հարցերը պետք է ունենան կայուն, երկարաժամկետ կարգավորում։ Դա անհրաժեշտ է, որպեսզի Հարավային Կովկասը լիովին կարողանա իրացնել իր տարանցիկ և մնացած ներուժը։

«Այս ուղղությամբ, այդ թվում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Ռուսաստանն ակտիվորեն աշխատել է Հայաստանի և Ադրբեջանի հետ», - նշել է Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ միանգամայն ակնհայտ է, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորումն ապահովում են եռակողմ ձևաչափով փաստաթղթերը, ինչպես նաև բարձր մակարդակի հայտարարությունները, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին։

«Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել, և մենք հիմա հստակ հայտարարում ենք, որ պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այն ձևով ու չափով, որը պետք է կողմերին։ Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում»,- ասել է ՌԴ դեսպանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 25–ի ճեպազրույցում տարակուսանք է հայտնել Հայաստանում այսպես կոչված «ռուսական ազդեցության գործակալների» որոնման կապակցությամբ: Նրա խոսքով՝ Մոսկվայում հետևում են ՀՀ պատկան մարմինների գործողություններին, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած քաղաքական գործչի դիտարկում են որպես «ազդեցության գործակալ»։

«Ովքե՞ր են նրանք՝ ովքեր կողմ են երկկողմ հարաբերությունների զարգացմա՞նը։ Սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին: Նա մշտապես խոսում է մեր երկրի հանդեպ բարեկամական վերաբերմունքից», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

 Ուշագրավ
---