Փաստաբան. Փաշինյանը խրախուսել է խոչընդոտել կաթողիկոսի անվան հիշատակմանը պատարագների ժամանակ

Փաստաբան. Փաշինյանը խրախուսել է խոչընդոտել կաթողիկոսի անվան հիշատակմանը պատարագների ժամանակ

PanARMENIAN.Net - Փաստաբան Վահան Հովհաննիսյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձին՝ նշելով, որ «վարչապետն արտոնել, թույլատրել և խրախուսել է իր համախոհներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել պատարագների ընթացքում Վեհափառ հայրապետի անունը հնչեցնելիս»։

Իրավաբանը նշել է, որ ըստ քրեական օրենսգրքի՝ «հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը»։

«Վարչապետը հորդորել /ենթադրաբար դրդել/ է մի խումբ անձանց կրոնական ծեսի՝ անմահ և սուրբ պատարագի ընթացքում Վեհափառ հայրապետի անվան հիշատակման ժամանակ խոչընդոտել պատարագը։

Իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողն անգամ կարող է որակել այս արարքը։

Հ․Գ․

Հովհաննես Իշխանյանը եկեղեցուց հարկադրաբար հեռացվեց և բերման ենթարկվեց պատարագի ժամանակ կաթողիկոս Գարեգին Երկրորդ բացականչելու համար։ Հիմա մի խումբ անձանց հրահանգվում է խոչընդտել պատարագը։ Ուշադիր հետևելու եմ, թե ոստիկանությունը զգաստության կոչեր անելու է արդյոք քաղաքացիներին կամ քանի նման անձ է բերման ենթարկվելու։

Նախապես տեղեկացնեմ, որ ուրաքանչյուր նման դեպքով հանցանքի մասին հաղորդում է ներկայացվելու»,- գրել է Հովհաննիսյանը։

Փաշինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 28–ին մասնակցելու է Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի։

«Կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ, այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է։ Մենք պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը և, ի վերջո, այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք»,–ասել է նա։

 Ուշագրավ
---