Առաջարկվում է թեթևացնել դատարանի ծանրաբեռնվածությունը և կրճատել գործի քննության ժամկետները![]() 20 հունվարի 2026 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է կառավարության առաջարկած օրենսդրական փաթեթը, որը վերաբերում է փոփոխություններին վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշել է, որ նախագիծը նպատակ ունի լուծել երկու առանցքային խնդիր՝ նվազեցնել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը և կրճատել գործերի քննության ժամանակահատվածը, հայտնում է 1lurer.am-ը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ վերաքննիչ բողոքների քննությունը վարչական գործերով կկատարվի գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը՝ իր նախաձեռնությամբ կամ կողմի հիմնավորված միջնորդությամբ, կհամարի, որ անհրաժեշտ է անցկացնել դատական նիստ։ «Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է հետևյալին. առաջարկում ենք, որ այն դեպքերում, երբ պետական կամ ՏԻՄ մարմինների դեմ վճիռ է կայացվել վարչական դատարանում, և այդ վճիռը վերաբերում է 300 հազար դրամը չգերացանցող տուգանքներին, վարչական մարմինը չկարողանա այդ ակտերը բողոքարկել վերաքննիչ ատյան, այսինքն՝ պետությունը, ըստ էության, հրաժարվում է իր բողոքարկման իրավունքից վերաքննիչ ատյանում, որպեսզի դրանով կարողանա նպաստել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությանը, և քաղաքացիների բողոքները ավելի կարևոր գործերով կարողանան ավելի արագ քննվել»,- հայտնել է Դադունցը: Նրա ներկայացրած վիճակագրության համաձայն՝ միայն 2024 թվականին վերաքննիչ վարչական դատարան է ներկայացվել 8748 բողոք, որոնցից 2877-ը վերաբերել է ֆինանսական պարտավորություններ առաջացնող վարչական ակտերին։ Դադունցն ընդգծել է, որ այդ բողոքների 80 տոկոսը ներկայացվել են հենց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, և դրանց 65 տոկոսի դեպքում վիճարկվող տուգանքները չեն գերազանցել 25 հազար դրամը։ Այս իրավիճակը, ըստ փոխնախարարի, հանգեցրել է ոչ արդյունավետ ռեսուրսների ծախսի՝ դատարանի, աշխատակազմի, ծանուցումների ու այլ ծախսերի տեսքով, մինչդեռ բողոքարկումների զգալի մասը դատարանում բավարարվել չէ։ Նա հայտնել է, որ նախաձեռնության իրականացման արդյունքում ակնկալվում է վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածության նվազում մինչև 30 տոկոսով, ինչը կնպաստի արագ և արդյունավետ դատական քննության իրականացմանը։ «Մենք առաջարկում ենք նաև վերաքննիչ բողոքների քննության համար վարչական դատարանում հստակ ժամկետ սահմանել՝ 6 ամիս, որը որոշ դեպքերում, դատարանի պատճառաբանված որոշմամբ, կախված գործի հանգամանքներից, կարող է երկարաձգվել մինչև 4 ամսով, այսինքն՝ առաջարկում ենք առավելագույնը 10 ամիս գործի քննության ժամկետ վերաքննիչ վարչական դատարանում բողոքների քննության համար»,- տեղեկացրել է Դադունցը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |