Ներկայացվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծերը

Ներկայացվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման և Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծերը

PanARMENIAN.Net - «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ներկայացվել է երկու խոշոր ենթակառուցվածքային նախագիծ՝ Պուշկինի թունելի հիմնանորոգման և արդիականացման, ինչպես նաև Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագծերը, որոնք մշակվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։

Ներկայացման միջոցառմանը մասնակցել են հայկական կողմի ներկայացուցիչներ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը և այլ պաշտոնյաներ։ ԱԶԲ-ի կողմից ներկա են եղել տրանսպորտի տնօրեն Չեն Չենը (Chen Chen), ոլորտային պատասխանատու Հիրոակի Յամագուչին (Hiroaki Yamaguchi), բանկի տրանսպորտի գլխավոր վերահսկող մասնագետ Նիկոլաս դը Կաստելին (Nicolas Dei Castelli) և մի շարք այլ ներկայացուցիչներ։

Միջոցառման սկզբում Քրիստինե Ղալեչյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով Ասիական զարգացման բանկին Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման գործում ցուցաբերած երկարաժամկետ և արդյունավետ աջակցության համար։ Իր խոսքում Չեն Չենն անդրադարձել է բանկի և Հայաստանի միջև համագործակցության անցյալին՝ վերահաստատելով ԱԶԲ-ի պատրաստակամությունը շարունակելու մասնակցությունը ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին։

Նախագծային աշխատանքները իրականացրել է Ավստրիայից և Գերմանիայից կազմված «Բերենարդ Գրուպ» (Berenard Gruppe) ընկերությունը, որն ունի ավելի քան չորս տասնամյակ մասնագիտական փորձ ճանապարհաշինության և ինժեներական նախագծման ոլորտում։

Դիլիջանի թունելի նախագծով նախատեսվում է նոր թունել կառուցել գործող թունելի հարևանությամբ՝ երկարությունը կազմելով 2.36 կմ։ Այն համապատասխանում է ԵՄ չափորոշիչներին և դասվում է երկրորդ տեխնիկական կարգի ավտոճանապարհի։ Գործող թունելն օգտագործվելու է որպես տարհանման թունել՝ կապ ունենալով նոր թունելի հետ յուրաքանչյուր 500 մետրի հեռավորության վրա։ Նոր թունելն ամբողջությամբ կկահավորվի արդիական ինժեներական լուծումներով՝ ներառյալ անվտանգության, կառավարման և տեխնիկական համակարգերը։

Պուշկինի թունելի վերանորոգման նախագծով նախատեսվում է ամբողջությամբ նորացնել թունելի երեսարկը, ջրահեռացման համակարգերը, մայթերն ու երթևեկելի հատվածը։ Կստեղծվեն հատուկ գրպանիկներ վթարային կանգառների համար։ Նախատեսվում է շարունակել և ավարտին հասցնել արդեն սկսված տարհանման թունելի շինարարությունը, որը 500 մետրի վրա կապ կապահովի հիմնական թունելի հետ՝ ապահովելով արտակարգ իրավիճակներում դուրսբերման հնարավորություններ։ Բացի դրանից՝ թունելում արդիականացվելու են օդափոխման, լուսավորության, էլեկտրամատակարարման, հրդեհաշիջման, տեսահսկման և ազդանշանման համակարգերը՝ ԵՄ տեխնիկական պահանջներին համապատասխան։

Քննարկման ընթացքում հայկական կողմի ներկայացուցիչները բարձրացրել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները ներկայացված նախագծերի իրականացման փուլում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---