Նախարարն՝ Ադրբեջանի մասնակցության մասին․ COP17-ին հրավիրում ենք բոլոր երկրներին

Նախարարն՝ Ադրբեջանի մասնակցության մասին․ COP17-ին հրավիրում ենք բոլոր երկրներին

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցելու են արդյոք COP17-ին, ասել է, որ հրավիրվում են կազմակերպության բոլոր անդամ երկրները:

«COP17-ի անդամ երկրները 196-ն են: Հրավիրող կողմը ոչ միայն Հայաստանն է. մենք հյուրընկալում ենք և նախագահում ենք միջոցառումը: Այնպես չէ, որ սա միայն Հայաստանի միջոցառումն է, սա համաշխարհային միջոցառում է:Հրավիրող կողմը ՀՀ-ն է որպես նախագահող, և, իհարկե, ՄԱԿ-ը: Բոլոր երկրները տեղեկացված են՝ օրերի հետ կապված, միջոցառման հետ կապված: Պաշտոնական հրավեր չի ուղարկվել, առաջիկայում դրանք կուղարկվեն, բայց բոլոր երկրների ՇՄՆ-ները կամ համապատասխան լիազորություններ իրականացնող նախարարություններն իրազեկված են»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Նա կարծիք է հայտնել, որ բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների մեծ մասնակցություն կունենանք:

«Թե ո՛ր երկրներն են հաստատելու հրավերը, որոնք չեն հաստատելու՝ դեռ վաղ է դրա մասին խոսել: Մենք հրավեր չենք ուղարկում, մեր հրավերն ուղարկվում է համատեղ ՄԱԿ-ի հետ: Սա և՛ մեր միջոցառումն է, և՛ ընդհանուր, գլոբալ միջոցառում, այսինքն՝ մենք հրավիրում ենք բոլորին, բոլոր 196 երկրներին:

Միջոցառման խորագրերից մեկը հենց այն է, որ մենք միասին աշխատենք ընդհանուր բնապահպանական խնդիրների շուրջ: Այդ աշխատանքներից չի կարելի որևէ երկրի դուրս թողնել, առավել ևս որ մենք պատրաստակամ ենք հյուրընկալել բոլոր պատվիրակություններին և բոլոր երկրներին»,- ասել է նա:

Կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերին։

 Ուշագրավ
---