Բագրատ սրբազանը՝ Միրզոյանի հայտարարության մասին․ «Եվս մեկ զրպարտիչ»

Բագրատ սրբազանը՝ Միրզոյանի հայտարարության մասին․ «Եվս մեկ զրպարտիչ»

PanARMENIAN.Net - «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հունվարի 29-ի դատական նիստի ժամանակ, անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ԵԽԽՎ–ում արված այն հայտարարությանը, թե ՀՀ-ում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա, վերջինիս զրպարտիչ է անվանել:

«Էս գործն ամբողջության մեջ բանաձևված է այս անպատասխանտու մարդու խոսքում։ Եվս մեկ զրպարտիչ, ևս մեկ ստախոս։ Եթե հիմա դատարան գնանք այս խոսքի համար, կասի ես քաղաքական գնահատական եմ տվել, վերացական բաներ եմ ասել։ Հիմա եթե ես այստեղ ինչ ուզեմ ասեմ, հետո էլ ասեմ քաղաքական գնահատական եմ տվել, կընդունվի՞ ձեր կողմից»,– ասել է հոգևորականը՝ դիմելով դատարանին, հայտնում է Sputnik Արմենիան:

Այնուհետև Բագրատ արքեպիսկոպոսը անդրադարձել է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևին, որտեղ վեհաժողովը մտահոգություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածության, ինչպես նաև այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք վերաբերում են «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին»։

«Հիմա հայտարարություն եմ ուզում անել, ու այն անգլերենով է` I wish you the same democrasy, that we have in Armenia (Ես ցանկանում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը մեզ մոտ Հայաստանում է. խմբ․)»,- հայտարարել է սրբազանը։

Նա ընդգծել է, որ, իր գնահատմամբ, «եվրոպական արյունոտ ու կեղտոտ աշխարհաքաղաքական քայլերի օրակարգի հետևանք է Հայաստանում այսօր կատարվողը»։ Նա իր ելույթում նաև հույս է հայտնել, որ Հայաստանը շուտով կլինի ազատ, ու երկրում էլ կտիրի արդարություն։

«Մեզ ասում են, որ մենք ահաբեկչություն ենք ցանկացել կազմակերպել, ես էլ ասում եմ՝ դուք կեղծավորներ եք, ինչպես Սուրբ գիրքն է ասում, փտած գերեզմաններ»,- եզրափակել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Ըստ ՔԿ-ի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական գործողություններ և իշխանությունը զավթելուն ուղղված քայլեր։ Նշված գործով անցնում է 18 անձ, որոնց թվում է նաև Բագրատ սրբազանը։

 Ուշագրավ
---